«Հայաքվե»-ին միացել է ՀՀ ավելի քան 58000 արժանապատիվ քաղաքացի. Աստված զորավիգ լինի մեր հայրենիքին, և մեր պայքարող տեսակին. Չալաբյան
«Հայաքվե»-ին միացել է Հայաստանի Հանրապետության ավելի քան 58000 արժանապատիվ քաղաքացի, այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է «Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամ Ավետիք Չալաբյանը, որի ամբողջական գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի բարեկամներ,
Երեկ մենք պաշտոնապես եզրափակեցինք Հայաքվեի առաջին փուլը, մեր քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությանը միացել են Հայաստանի Հանրապետության ավելի քան 58000 արժանապատիվ քաղաքացիներ, և դա օրինական հնարավորություն է մեզ ընձեռնում օրենքի նախագիծը ներկայացնել Ազգային ժողով, և հետամուտ լինել նրա ընդունմանը:
Մեր նախաձեռնության և նրան միացած բազմահազար քաղաքացիերի համար պայքարի նոր փուլ է սկսվում: Դրա մասին ավելի հանգամանալից կխոսենք մոտ ապագայում, մինչ այդ կուզեի շնորհակալություն հայտնել անհատապես մեր քաղաքացիներից յուրաքանչյուրին, ով հաղթահարելով ողջ դիմադրությունը, գործող իշխանության կողմից ստեղծած վախի մթնոլորտը և կեղծ քարոզչությունը, միացան մեր նախաձեռնությանը և դրանով ամուր մանդատ տվեցին բոլորիս՝ պայքարելու ազատ Արցախի, ինքնիշխան Հայաստանի, և միասնական հայկական հայրենիքի համար!
Մինչ հանդիպում Հայաքվեի հաջորդ փուլում, Աստված զորավիգ մեր հայրենիքին, և մեր պայքարող տեսակին!»: