Լեռնային Ղարաբաղում ամեն օր մարդիկ ուշագնաց են լինում թերսնման պատճառով․ Էդմոն Մարուքյան
Լեռնային Ղարաբաղում ամեն օր մարդիկ թերսնման պատճառով կորցնում են գիտակցությունը, «Թվիթեր»-ում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Ադրբեջանի ղեկավարությունը դրա համար ուղղակի պատասխանատվություն է կրում, և միջազգային հանրությունը կիսում է այդ պատասխանատվությունը՝ ոչինչ չանելով մարդկանց կյանքը փրկելու համար։
Անհրաժեշտ են հրատապ գործողություններ: Վերջ տվեք Լաչինի միջանցքի շրջափակմանը»,- նշել է Մարուքյանը։
Քաղաքական գործիչն իր հրապարակման մեջ նշել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միկրոբլոգները։