Խիստ մտահոգված ենք այս իրավիճակով. սա համարում ենք ցեղասպանության ակտ. Քնարիկ Գարանֆիլյան
Հայաստանում գործունեություն ծավալող մարդասիրական մանդատով և երեխաների պաշտպանության իրավունքներով զբաղվող միջազգային ու տեղական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ այցելել են Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ շարունակում են կանգնած մնալ Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար օգնությամբ բեռնատարները։
Նրանց ուղեկցել ու իրավիճակը տեղում ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:
«Խիստ մտահոգված ենք այս իրավիճակով. սա համարում ենք ցեղասպանության ակտ: Եվ հատկապես մեր մտահոգության առարկան են երեխաները, որոնք ապրում են Արցախում, որոնք այսօր զրկված են տարրական անհրաժեշտ սննդից, դեղորայքից»,- ասել է Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Քնարիկ Գարանֆիլյանը, ապա հավելել. «Մեր ակնկալիքն է, որ այս հարցը շուտափույթ լուծում և արձագանք ստանա բոլոր կազմակերպությունների՝ միջազգային, տեղական, բոլորի կողմից, և շուտափույթ կերպով ձեռնարկվեն միջոցներ այս միջանցքը բացելու համար»:
ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանն իր հերթին նշել է. «Ուզում ենք մեր միջազգային կառույցներին տեղեկացնել, իրազեկ պահել և խնդրել նրանց, որ կոտրեն բոլոր այն դռները, որոնց հնարավոր է հասնել, տեղ հասցնել այս մեսիջներն այն մասին, որ չի կարող օրը ցերեկով աշխարհի աչքի առաջ 30 հազար երեխա սովի մատնվել, երբ աշխարհը լիքն է ուտելիքով»: