Տավուշի մարզպետը մթերող կազմակերպությունների հետ քննարկել է խաղողի մթերման հարցերը և պետական աջակցության ծրագրերը
Հունիսի 14-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը խորհրդակցություն է անցկացրել մթերող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում մանրամասն քննարկվել են ինչպես խաղողի մթերման հետ կապված հարցերը, այնպես էլ գյուղատնտեսության ոլորտի խաղողի մթերման պետական աջակցության ծրագրերը։
Քննարկմանը մասնակցել են «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի Բերդի մասնաճյուղի կառավարիչ Գարիկ Վարդանյանը, «Իջևանի գինու և կոնյակի գործարան» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Մարտին Մարտիրոսյանը, «Էկոգարդեն» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Սամվել Մակարյանը և «Կանաչ գյուղ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Գագիկ Աղաբաբյանը։
Վերամշակողները պատրաստակամություն են հայտնել, որ մթերման ենթակա խաղողի ամբողջ խմբաքանակը ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի կմթերվի ըստ ժամանակացույցի։ Նշվել է, որ մթերող կազմակերպությունների կողմից խաղողի մթերման պայմանագրերի կնքման ու վերանայման աշխատանքները ընթացքի մեջ են և կավարտվեն սահմանված ժամկետներում։
Մարզպետ Հայկ Ղալումյանը նշել է վերջին տարիներին ոռոգման համակարգերում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի մասին, որոնք կնպաստեն ինչպես պտղատու այգիների տարածքների ավելացմանը, այնպես էլ խաղողի նոր այգետարածքների ավելացմանը, որը նոր հնարավորություններ կստեղծի վերամշակող կազմակերպությունների մթերման ծավալների ավելացման համար։