Այսօր մեր կարգավիճակում ոչ մի բան չի փոխվել, բայց 3 ամսից ավել է, որ պետության կողմից ոչ մի աջակցություն չենք ստանում. Հադրութի բնակիչ
Այսօր մեր կարգավիճակում ոչ մի բան չի փոխվել, բայց 3 ամսից ավել է, որ պետության կողմից ոչ մի աջակցություն չենք ստանում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, կառավարության դիմաց Արցախի օկուպացված տարածքներին բռնի տեղահանված բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ նշեց Հադրութի բնակիչ Արթուր Ստեփանյանը:
«Մոտ մեկ ամիս առաջ խոսք են տվել, որ լինելու է 25 եւ 50-հազարական դրամների աջակցություն ու 2 օրը մեկ սոցապ փոխնախարարների մակարդակով, այսինքն Դավիթ Խաչատրյանն է ելույթ ունենում տարբեր լրատվամիջոցներով, ասում՝ որոշումը կա, բայց չգիտես ինչու ծրագիրը չի գործում, որ գոնե բնակարանների վարձը տանք: Մի մասին արդեն հյուրատներից հանում են ստիպողաբար: Բայց մենք ինչպես մեկ տարի առաջ տուն-տեղ կորցրած մարդիկ ենք եղել, այդպես էլ մնացել ենք տուն-տեղ կորցրած: Չգիտենք, թե ինչու են մեր հանդեպ այդպես վարվում:
Ձմեռ է գալիս, մարդկանց հանում են հյուրատներից, ծանր կացության մեջ ենք հայտնվել: Մենք փախստականի կարգավիճակ ենք պահանջում»,-ասաց նա:
Արթուր Ստեփանյանը տեղեկացրեց, որ արդեն 2 ամիս է դիմել են վարչապետին, բայց ոչ մի պատասխան չեն ստացել. «Մենք այստեղից գնալու ենք ՄԱԿ-ի գրասենյակ, որ ցույց տանք, որ ՀՀ-ում փախստականներ կան, որը մեր իշխանությունները թաքցնում են: Դրանից հետո էլ գնալու ենք Ֆրանսիայի դեսպանություն: Նամակ ենք պատրաստել Ֆրանսիայի նախագահին որով հումանիտար ապաստան ենք խնդրում»,-ընդգծխեց Հադրութի բնակիչը: