Ընդդիմադիր պատգամավորները ԱԺ-ում ծափերով դիմավորեցին ազատ արձակված Արթուր Սարգսյանին
Ազգային ժողովի այսօր՝ հոկտեմբերի 26-ին մեկնարկած հերթական նիստերի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները ծափերով ողջունեցին դահլիճ մտնող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին, ով կալանքից ազատվելուց հետո առաջին անգամ է մասնակցում խորհրդարանի աշխատանքներին:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել հոկտեմբերի 14-ին. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է 20 մլն դրամի չափով գրավ»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ նախաքննական մարմնի՝ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հոկտեմբերի 7-ից զբաղեցնելով ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական եւ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետեւանքով Սիսիան համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ շահադիտական նպատակով եւ անձնական այլ դրդումներով կեղծել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ աշխատանքների կատարված լինելու հանգամանքը փաստող կատարողական ակտը: