Բաքվից 5 հայ ռազմագերի է վերադառնում. հայտնի են նրանց անունները
Բաքվից Երևան է տեղափոխվում ռազմագերիների նոր խումբ։
«Sputnik Արմենիա»-ն հաղորդում է, որ ինքնաթիռը րոպեներ առաջ է դուրս եկել ադրբեջանական օդանավակայանից. այն մոտ մեկ ժամ հետո կլինի Երևանում եւ վայրէջք կկատարի «Էրեբունի» օդանավակայանում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Բաքվից 5 գերի է վերադառնում՝ Մելս Կարապետի Ամբարդանյանը, Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Ժորա Վանոյի Մանուկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը եւ Հովսեփ Ռոբերտի Մանուկյանը, որոնք Ադրբեջանում 6 տարվա ազատազրկման էին դատապարտվել:
Հայ ռազմագերիների վերադարձին մասնակցում է Արցախում ռուս խաղաղապահ առաքելության նախկին հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը, որի միջնորդությամբ են նաեւ Հայաստան վերադարձել հայ ռազմագերիների նախորդ խմբերը:
Նախորդ անգամ ռազմագերիներ վերադարձել էին սեպտեմբերի 7-ին՝ Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը, որոնք գերեվարվել էին այս տարվա հուլիսի 14-ին՝ Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքում. նրանց դիմաց ադրբեջանական կողմին էր փոխանցվել Արցախի Մարտակերտ քաղաքի տներից մեկում հայտնաբերված եւ ձերբակալված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաեւը: