Ոստիկանների վայրագ գործողություններին պետք է իրավական գնահատական տրվի. Արա Զոհրաբյան
ՓՊ նախկին նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՎԱՅՐԱԳ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ԻՐԱՎԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏՐՎԻ (18+)
Ստորև կցված տեսանյութերում տեսնում ենք բիրտ ուժ կիրառող ոստիկանների, նրանց հայհոյանքով հրաման տվող ղեկավար ոստիկանի, ոստիկանների վայրագություններից ահաբեկված լացող երեխաների:
Եթե ոստիկանների այս տեսակը չմաքրվի համակարգից և խիստ պատժի չարժանանա, ապա ամբողջ ոստիկանության ինստիտուտը՝ իր մեջ ներառող բարեխիղճ ոստիկաններով չի կարողանա վստահություն վայելել հանրության աչքերում:
«Ոստիկանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ Ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների վրա:
Այս միջադեպում չկար անձի իրավունքները, ազատությունները և պատիվը հարգելու սկզբունքը, ընդհանրապես բացակայում էր մարդասիրությունը: Անկախ նրանից, ոստիկանության նպատակն իրավաչափ էր, թե՝ ոչ (փաստաբանի պնդմամբ իրավաչափ չէր, վարչական ակտը վիճարկվում էր), միևնույն է, ոստիկանությունը պետք է վերոհիշյալ սկզբունքներով ղեկավարվեր:
Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, փաստաբան ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ՀՀ ոստիկանության պետին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին այս միջադեպը դարձնել քննության առարկա և մեղավոր ոստիկանների պատասխանատվության հարցը լուծել: