Դատախազությունը կդիմի դատարան Լևոն Սարգսյանի և նրա երեխաների ապօրինի գույքի բռնագանձման հարցով
ԳլխավորԵրրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանի որդին և դուստրը դիմել են վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել իրենց գույքը ուսումնասիրելու դատախազության որոշումը: Մեկ այլ դիմումով էլ Անի և Նարեկ Սարգսյանները պահանջում են անվավեր ճանաչել նոր ժամկետ սահմանելու մասին որոշումը:
Գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության պետ Սիրո Ամիրխանյան - Չորս դիմում է ներկայացվել վարչական դատարան, որոնցից երեքով դատարանը որոշում է կայացրել գործը ըստ ենթակայության ուղաևրկելու մասին: Նշված դիմումներն ուղարկվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարաններ: Ներկայումս դիմումները քննության փուլում են, և վերջնական դատական ակտեր կայացված չեն:
Սարգսյանների ներկայացրած դիմումները թեև նույն բովանդակությունն ունեն, սակայն մակագրվել են տարբեր դատավորների, ու դրանցից մեկն առհասարակ վարույթ չի ընդունել:
Սիրո Ամիրխանյան - Դատավորը որոշում է կայացրել հայցադիմումից վարույթ ընդունելը մերժելու մասին՝ պատճառավանելով, որ նախ նշված գործը ենթակա չէ քննության Վարչական դատավարության օրենսգրքով ենթակա կարգով, բացի դրանից՝ դատարանը պատճառաբանել է, որ նշված որոշմամբ բողոքարկման ընթացակարգ նախատեսված չէ նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքով: Միևնույն ժամանակ ավելացրել է, որ նշված որոշումները բովանդակային առումով անձի համար որևէ անբարենպաստ հետևանք չեն առաջացնում:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցով դատախազության ուսումասիրությանը ծանոթանալուց հետո Անի և Նարեկ Սարգսյանների ներկայացրած դիմումները կարող են քննության առարկա դառնալ, երբ դատախազությունը գույքի բռնագանձման հարցով հայցադիմում ներկայացնի դատարան:
Սիրո Ամիրխանյան - Եթե անգամ որոշակի ընթացակարգերի խախտում է տեղի ունեցել ապօրինի գույքի բռնագանձման հարաբերություններում, ապա այդ խախտումը կարող է առաջացնել միայն այնպիսի հետևանքներ, որոնք ուղղակիորեն նախատեսված են օրենքով, իսկ օրենքը ուսումնասիրություն սկսելու մասին որոշման իրավաչափությունը գնահատելու հնարավորություն չի նախատեսում:
Ավելի վաղ Սարգսյաններին առաջադրվել էր ապօրինի հարստանալու և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեղադրանք: Լևոն Սարգսյանը այժմ հետախուզվում է, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, Անի և Նարեկ Սարգսյանների դեպքում՝ ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործի հարուցումից հետո դատախազությունն ուսումնասիրում է նաև նրանց գույքի օրինականության հարցը: Սարգսյանների շահերի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը «Լուրերի» հետ զրույցում ասաց՝ գործընթացի մեկնաբանությունը այժմ տեղին չէ:
Ամրամ Մակինյան - Քրեական օրենսգրքով նախատեսված որոշակի սահմանափակումներ կան, էդ սահմանափակումների շրջանակները որոշում է վարույթն իրականացնող մարմինը՝ տվյալ դեպքում դատախազությունը, ու եթե հիմա ես մեկնաբանեմ, գուցե ներկայացնեմ տեղեկություն, որը վարույթի մաս է և թույլատրելի չէ:
Դատախազությունը առաջիկայում հայցադիմումներ կներկայացնի դատարան այս և մի քանի այլ անձանց գույքի բռնագանձման հարցով: