Կալիֆորնիայից Մարտունի. սփյուռքահայ Շանթը պատերազմից հետո ամուսնացել ու հաստատվել է Արցախում
Կալիֆորնիայում ծնված Շանթ Չարշաֆյանը մեկ տարի առաջ որոշեց հերթական արձակուրդն անցկացնել Հայաստանում։ 35–ամյա երիտասարդը դեպի Հայաստան չվերթների վերաբացումից հետո 2020–ի սեպտեմբերին շտապեց հայրենիք։ Շանթն ամերիկահայ ընկերների հետ առաջին շաբաթն այցելեց կորոնավիրուսից տուժած բազմազավակ ընտանիքներին՝ օգնություն հասցնելով նրանց։ Հետո սկսվեց պատերազմն ու Շանթի կյանքը գլխիվայր փոխվեց, այս մասին գրում է News.am-ը:
Պատերազմի լուրը ստանալուն պես ամերիկահայ երիտասարդը շտապեց միանալ դաշնակցության կամավորական ջոկատին. հանձնարարություն ստացավ զբաղվել թիկունքային աշխատանքներով և հենց հաջորդ օրն ուղևորվեց Արցախ։ Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում Շանթն ընկերների հետ կարճ ժամանակում լավաշի արտադրություն հիմնեց՝ հաց մատակարարելով նախ տեղահանվածներին, հետո նաև բանակին։ Պատերազմի 44 օրերի ընթացքում սփյուռքահայ կամավորը Հայաստանից ապրանքներ էր փոխադրում Արցախ, զինվորների համար առաջին անհրաժեշտության պարագաներ հայթայթում։ Արցախում Շանթը հասցրեց ճանաչել իր հողը սիրող արցախցուն, գիտակցաբար կռվի գնացած շատ տղաների, հայրենիքի համար ինքնազոհողության պատրաստ հայրենակիցների... Հասցրեց իր աչքով տեսնել հայկական հողերի՝ Շուշիի, Հադրութի, պատմական Տիգրանակերտի կորուստը... Աչքի առաջ եկավ գաղթական դարձած իր գերդաստանի պատմությունը. հիշեց մեկ դար առաջ Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտից անապատ քշված իր նախնիներին, որոնք հանգրվանել էին Սիրիայի որբանոցներում և երեք սերունդ ապրել օտար ափերում։ 100 տարում կորցնես երկու Տիգրանակերտ, 21–րդ դարում դառնաս գաղթական, հետո կռիվ տաս օտարի հողում հայ մնալու համար...
«Ես ապրում էի օտարության մեջ և դատապարտված էի ձուլման. սփյուռքում բոլորն էլ՝ մեկ–երկու սերունդ հետո դատապարտված են ձուլման»,– ցավով նկատում է հայրենադարձը։
Պատերազմից հետո Շանթը մեկընդմիշտ որոշեց՝ մնալու և ապրելու է Արցախում։
«Հազարավորները անձնազոհության են գնացել մեր հայրենիքի համար, ես ինչպե՞ս կարող էի այդ ամենը տեսնելով վերադառնալ և իմ անհոգ կյանքով ապրել»,– ասում է Շանթն ու հաստատում՝ «հայրենիքը պետք է սիրել անկախ քաղաքական վիճակից, ղեկավարներից, անկախ նրանից՝ հաղթել ենք, թե չես հաղթել»։
Հայրենիքում հաստատվելու որոշումը Շանթն ավելի հեշտ կայացրեց, երբ հանդիպեց իր սիրուն. այն էլ՝ պատերազմի նախորդ օրը։ Գիդ–էքսկուրսավար Մարինեն Շանթի հետ մտերմացավ Տավուշի ճանապարհին։ Սփյուռքահայ երիտասարդի ուշադրությունը գրավեց Մարինեի շապիկին պատկերված Նժդեհի դիմանկարը. ճիշտ այդ նույն կերպարը յուղաներկով նկարել էր Շանթը։ Զրույցը սկսվեց Նժդեհից, հետո ավելի մտերմացան Բերդում՝ «Գութան» փառատոնին՝ շուրջպարի ժամանակ։ Մարինեն նաև մանկավարժ է, սիրում է ազգային պարեր պարել, ուսուցանել։ Շանթի սիրտը գրավեց աղջկա այն միտքը, որ ինքը երբեք օտար երկիր հարս չի գնա, ինչքան էլ որ հրապուրիչ լինի այդ առաջարկը։
«Հայրենիքից դուրս խաբուսիկ են բոլոր դրախտները. Գարեգին Նժդեհի այս պատգամն ինձ համար իրական կյանքի և ապրելաոճի ուղենիշ է եղել»,–ասում է Մարինեն ու հիշում՝ ինչպես պատերազմի օրերին կամավորագրվեց ՈՄԱ–ին ու սովորեց «ողջ մնալու արվեստը»։
«Պատերազմն ապացուցեց, որ առանց զենքի, առանց կռվելու ցանկության անվտանգ չենք ապրի։ Այսօր կին, թե տղամարդ պիտի տիրապետեն զենքին, պաշտպանել ու պաշտպանվել իմանան։ Տղամարդուն զենք տվողը կինն է։ Եթե թշվառի և խեղճի կարգավիճակով խաղաղություն մուրանք՝ թշնամին մեզ կհոշոտի»,–ասում է երիտասարդ հայուհին։
Դեկտեմբերին զույգն ամուսնացավ և տեղափոխվեց Արցախի Մարտունու շրջան. այնտեղ, որտեղ իշխում է հավասարությունը, միմյանց հանդեպ հոգատարությունն ու զինվորի թիկունքին կանգնելու գաղափարը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: