Գործատուն պիտի վճարի աշխատողի ՊՇՌ թեստի գումարը, պետությունն էլ գործատուին դա կփոխանցի եկամտահարկի տեսքով. առաջարկ
ՏեսանյութերՀՅԴ Երեւանի կոմիտեի անդամները քիչ առաջ Կառավարություն ներկայացրեցին թեստավորման կամ էլ դրանից հրաժարվելու դեպքում 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտություն անելու վերաբերյալ իրենց առաջարկը։
«Մենք կոնկրետ առաջարկով եկել ենք այստեղ, քանի որ մեկ շաբաթվա մեջ մարդիկ այդպես էլ չհասկացան՝ ինչ կարելի է անել, որ շահի թե՛ գործատուն, թե՛ աշխատողը, թե՛ պետությունը։ Մեր առաջարկը խրախուսող է եւ կարծում ենք, որ հարցը կլուծվի»,– ասաց կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը։
ՀՅԴ–ականները Կառավարության ընդունարանում առաջարկը ներկայացնելուց հետո, լրագրողների հետ զրույցում ներկայացրեցին առաջարկի բովանդակությունը։
«Գործատուն պիտի վճարի աշխատողի 14 օրը մեկ ՊՇՌ թեստի գումարը։ Պետությունը գործատուին դա փոխանցում է եկամտահարկի տեսքով։ Ստացվում է, որ գործատուն չի խուսափի աշխատողներին գրանցելուց, պետությունը շահում է այդ պարագայում, որովհետեւ չգրանցված աշխատողներ չեն լինում, ստվերը գալիս է գրանցման դաշտ, իսկ աշխատողն էլ շահում է, որ իր գրպանից ամսական երկու անգամ չի վճարում թեստավորման վճարը»,– ասաց Սարգիս Կարապետյանը։
Նշենք, որ Առողջապահության նախարարի հրամանով, հոկտեմբերի 1–ից, աշխատողները գործատուին պետք է ներկայացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատը կամ էլ 14 օրը ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։
Ավելի ուշ Արդարադատության նախարարությունը հայտարարարություն տարածեց, որ նախարարարության աշխատակազմը, համաձայն Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N-65-Ն հրամանի, ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը կիրառելու է 14․10․2021 թվականից։