Տնից գողացել էին գրեթե ամբողջ մեքենա. հանցագործությունը բացահայտվել է
Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկությունն իրացրին Գեղարքունիքի մարզային վարչության գործընկերների հետ: Հոկտեմբերի 4-ին, գողություն կատարելու կասկածանքով, նրանք բաժին բերման ենթարկեցին Գեղամասար գյուղի բնակիչներ, 21 և 22 տարեկան երկու երիտասարդի:
Իրենց խոստովանությամբ երիտասարդները հաստատեցին տեղեկությունը. օգտվելով տանտերերի բացակայությունից՝ սեպտեմբերի 30-ի կեսգիշերին դռան կախովի կողպեքի օղը տեխնիկական միջոցով տեղահան են արել, մտել համագյուղացու տուն և խոհանոցից գողացել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի շարժիչ, փոխանցման տուփ, չորս անիվ, մեկ հովացման սարք, մեկ բենզասղոց և դետալների սոսնձման մեկ սարք:
Տուժածին պատճառվել է մոտ 330 հազար դրամի վնաս:
Գողոնը հայտնաբերվել է: Հանգամանքները պարզվում են: