Ռոբերտ Քոչարյա՛ն, Ձեզ չի հետաքրքրո՞ւմ՝ ընդդիմությունից ովքեր քվեարկեցին Էդուարդ Աղաջանյանի, Ղալումյանի օգտին. այդ հարցը Ձեզ տվե՞լ եք. Զոհրաբյան
Ես պատերազմի հրձիգ չեմ, հետևաբար, պնդում եմ՝ այո՛, Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ խոսակցություն կարելի է սկսել, բայց դա կարելի է անել միայն այն դեպքում, երբ հարգում են քո իրավունքը, ոչ թե քեզ ասում՝ ծնկաչոք խաղաղություն աղերսիր, ծնկաչոք խաղաղություն չի լինում։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Ալիևին հանդիպելու Փաշինյանի պատրաստակամությանը, նման տեսակետ հայտնեց 4 գումարումների Ազգային ժողովի պատգամավոր, «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Նա նաև ընդգծեց, որ իր համար անընդունելի է խոսել խաղաղաղության պայմանագրի մասին, երբ դեռ լրջագույն խնդիրներ կան Արցախի կարգավիճակի հարցի շուրջ, և երբ Փաշինյանը չի բացահայտում այն պլանները, որոնք կյանքի է կոչում։
Զոհրաբյանի փոխանցմամբ՝ այս անընդունելի վիճակին ավելանում է նաև ընդդիմության մարտավարությունը: Իրավիճակի վրա որևէ փոփոխություն չբերող մարտավարություն, որով արդեն իսկ պարզ է դառնում, որ ընդդիմությունը չի կարողանում անել այն, ինչն անելու խոստմամբ գնացել է խորհրդարան։
«Ես վստահ եմ, որ ընդդիմությունն ունի ցանկություն՝ քայլեր անելու։ Իհա՛րկե, չեմ ցանկանում ընդդիմությանը քննադատել, բայց ուզում եմ հիշեցնել, որ երբ 2018 թվականին՝ հեղափոխությունից հետո, «Բարգավաճ Հայաստանը» Փաշինյանի հետ գնաց ընտրության, ժողովուրդը «Բարգավաճ Հայաստանին» չէր ընտրել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, հակառակը, նրանք մեզ քվե էին տվել Փաշինյանի հետ միասին բարեփոխումներ կատարելու համար։ Այս ընդդիմությանը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին, սակայն, 400 հազար մարդ ձայն է տվել մեկ նպատակով և օրակարգով՝ այն է՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Ես իրենց ձայն չեմ տվել, որ իրենք իշխանության հետ քննարկեն՝ Սևանա լճից այսքան ջուր բաց թողնե՞ն, թե՞ այնքան, ես իրենց ձայն չեմ տվել, որ իրենք այս կամ այն հարցով դիմեն Սահմանադրական դատարան, կամ՝ ոչ։ Ես հարց ունեմ պարոն Քոչարյանին՝ պարոն Քոչարյան, Ձեզ երբևէ չի՞ հետաքրքրել՝ այդ ինչպե՞ս ընդդիմությունը քվեարկեց Էդուարդ Աղաջանյանին ու Վահե Ղալումյանին հանձնաժողովներում ընտրելու համար, Ձեզ չի՞ հետաքրքրել՝ իսկ այդ ովքե՞ր են ձեր խմբակցությունից քվեարկել իշխանության թեկնածուների օգտին։ Նույն հարցը տալիս եմ նաև «Պատիվ ունեմ» դաշինքին։ Ես՝ որպես ընդդիմությանը ձայն տված քաղաքացի, ունեմ լեգիտիմ իրավունք այս հարցերը հնչեցնելու»,- ասաց Զոհրաբյանը։
Դիտարկմանը՝ խորհրդարանական ընդդիմությունը կոչ է անում իրենցից շոուներ չսպասել, որովհետև իրենք բովանդակային ընդդիմություն են, Զոհրաբյանն արձագանքեց.
«Եթե խորհրդարանը ռինգ չէ, բա ինչո՞ւ էին մեզ մեղադրում և ասում՝ խորհրդարանը վերածեք ռինգի, գրավե՛ք ամբիոնը, թույլ մի՛ տվեք, որ Նիկոլը մոտենա ամբիոնին։ Ես անհամբեր սպասում էի, որ տեսնեմ, այն մարդիկ, որոնք ինձ ասում էին՝ Նաիրա՛, վայր դիր պատգամավորի մանդատը, հիմա ի՞նչ են անում, հիմա ամբիոն են գրավելո՞ւ։ Երբ մեզ ասում էին՝ մի՛ թողեք Նիկոլը մոտենա ամբիոնին, ինչո՞ւ հիմա դա ասողները նույնը չեն անում։ Ինչից ասես Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խոսեցին՝ էլ տերևից, էլ ծաղիկից… Բա այս խորհրդարանական ընդդիմությունը մեզ ինչո՞ւ էր մեղադրում Փաշինյանի հետ բովանդակային քննարկումներ անելու համար»,- ասաց Զոհրաբյանը՝ հավելելով,- Այս պահին ընդդիմության մոտ չի ստացվում ձևավորել օրակարգ և արդյունքում՝ իրենք անընդհատ արդարանում են։ Տա Աստված, որ այն, ինչի մասին խոսում էր նախօրեին Սերժ Սարգսյանն ու ինչի մասին խոսում էր այսօր Ռոբերտ Քոչարյանը, հնարավոր լինի իրականություն դարձնել, և ընդդիմությունը կարողանա օրակարգ ձևավորել»։
Անդրադառնալով Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի այն դիտակմանը, որ ընդդիմությունը իշխանափոխություն կարող է անել, եթե ընդդիմադիր ուժերն իրենց առջև դնեն մեկ նպատակ՝ իշխանափոխություն, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց.
«Միանշանակ համաձայն եմ, ստորագրում եմ Սերժ Սարգսյանի ասածի տակ՝ իշխանափոխություն կարելի է անել, եթե դրված լինի միայն մեկ նպատակ, բայց այսօր դա չկա»,- ասաց Զոհրաբյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում: