Պատրաստ ենք Հայաստանի բարեկամը լինել նաև ապագայում. Լիտվայի վարչապետ
Պատրաստ ենք Հայաստանի բարեկամը լինել նաև ապագայում՝ հայտարարել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում:
«Մեր երկրները վաղուց բարեկամական հարաբերություններ ունեն: Այս տարի տոնում ենք մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Շուտով մեր մայրաքաղաքները կկապակցվեն ուղիղ թռիչքով, և դա մեր ժողովուրդներին թույլ կտա միմյանց պետություններն ավելի լավ ճանաչել և շարունակել խորացնել մեր հարաբերությունները»,- ասաց Ինգրիդա Շիմոնիտեն:
Իր խոսքում Ինգրիդա Շիմոնիտեն անդրադարձավ նաև Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
«Հայաստանում վերջերս տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ժողովրդավարությանն աջակցությունը շատ ուժեղ է: Վարչապետը և նրա քաղաքական ուժը վիթխարի աջակցություն ստացան: Բարեփոխումները և ժողովրդավարական փոփոխությունները վիթխարի աջակցություն ստացան: Կարծում եմ, որ տեխնիկական գիտելիքի ու լավագույն փորձի փոխանակումը, սխալներից քաղված դասերը և այլընտրանքների մասին տեղեկությունների փոխանակումը կարող են օգտակար լինել »,-շեշտեց Լիտվայի վարչապետը:
Ինգրիդա Շիմոնիտեն անդրադարձավ նաև Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին:
«Հույս ենք փայփայում, որ հնարավոր կլինի վերադառնալ հակամարտության քաղաքական կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո :
Կարծում եմ, որ բոլորը, այդ թվում՝ մենք, հույս են փայփայում, որ հնարավոր կլինի վերադառնալ հակամարտության քաղաքական կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Հաճելի է լսել, որ եղել են դրական փոփոխություններ: ՀՀ վարչապետը նշեց նախարարների հանդիպումը: Կարծում եմ, որ դա միակ դրական իրադարձությունը չէ Եվրամիության մակարդակով:
Մենք մի շարք քաղաքական առաջնորդներ ունենք, որոնք ի սրտե և անկեղծորեն մտածում են տարածաշրջանում անվտանգության և խաղաղության մասին, ուստի ես հավատացած եմ ու համոզված եմ, որ Եվրոպական միությունը բավարար ուշադրություն կդարձնի այս խնդրին, նաև պրակտիկ խորհուրդներով և լուծումներով կօգնի հակամարտության գործնական կարգավորմանը»,- ասաց Ինգրիդա Շիմոնիտեն: