Հռոմի հնագույն կամուրջներից մեկը մասամբ այրվել է
Հռոմի Տիբեր գետի վրա գտնվող հնագույն կամուրջներից մեկը՝ Արդյունաբերության կամուրջը (ponte dell’Industria), երեկ երեկոյան մասամբ ավերվել է ուժեղ հրդեհի հետևանքով:
Ըստ մայրաքաղաքային հրշեջ ծառայության՝ քաղաքացիները չեն տուժել, սակայն լուրջ վնասներ են հասցվել կամրջի տակ տեղադրված գազամատակարարման խողովակներին և էլեկտրական մալուխներին: Արդյունքում, ավելի քան 180 հռոմեական ընտանիք այժմ հոսանքազրկված է:
131 մետր երկարությամբ կառույցը կառուցվել է 1862-1863 թվականներին՝ Տերմինի երկաթուղային կայարանը Չիվիտավեկիա նավահանգստային քաղաքի հետ կապելու համար:
Հրշեջ -փրկարարները գրեթե մինչև լուսաբաց պայքարել են կրակի դեմ: Գիշերը արտակարգ իրավիճակների վայր է ժամանել Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին: «Սիրտս ճմլվում է, երբ տեսնում եմ, թե ինչ վիճակում է այս պատմական օբյեկտը», – ասել է նա: Ներկայումս քաղաքային իշխանություններն արտակարգ ռեժիմով աշխատում են Օստիենսեում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման, ինչպես նաև Հռոմի այդ հատվածում երթևեկության կարգավորման հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ:
Հրդեհի պատճառները դեռ պարզված չեն: Ըստ հրշեջների՝ «Երկաթե կամուրջը» կարող էր հրդեհվել էլեկտրամատակարարման համակարգում կարճ միացման հետևանքով: