Խելառ աշխարհում Հայկոն իր հավասարակշռությունը չկորցրեց. երգչի վերջին հրաժեշտը
Ավարտվեց սիրո մի պատմություն, բայց չվերջացավ. Հայկոն կապրի իր թողած հարյուրավոր ստեղծագործություններով իրեն ծանոթ ու անծանոթ հազարավոր մարկանց սրտերում:
Հանդիսատեսը երեկ եկել էր Հայկոյին վերջին անգամ հրաժեշտ տալու ու շնորհակալություն հայտնելու՝ իր սրտին մոտ ու հարազատ մեղեդիների համար, որոնք Հայկոյին դարձրել էին նաև իրենը:
«Երևանյան երգերի համար շնորհակալություն, շնորհակալություն ֆիլմերի համար, շնորհակալություն իր էսթետ, էլեգենտ տեսակի համար, որ մեր ընկերախմբի մեջ միշտ յուրահատուկ զգացողություն էր, քեզ էլ էր տալիս այդ զգացողությունը շատ մի ուրիշ տարածության վրա», - ասել է հաղորդավար Ժակ Հակոբյանը:
Ինչպես Ժակը նշեց` այս խելառ աշխարհում Հայկոն իր հավասակշռությունը չկորցրեց, մնաց հավատարիմ ինքն իրեն ու իր մեղեդիներին:
Ընկերները պատմում են` դպրոցական տարիքում այնքան հասուն կտավներ էր ստեղծում, որ ծնողները տատանվում էին՝ իրենց որդուն ուղղորդել դեպի կերպարվեստի, թե երաժշտության աշխարհ: Հայկոն իր առաջին լուրջ քայլերը սկսեց Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանից, պատրաստվում էր ջութակահար դառնալ, բայց սիրտն ուզեց սեր երգել ու սեր տարածել:
«Իմ ամենամեծ շնորհակալությունը Հայկոյին: Երբ եկա Հայաստան, որ կայանամ որպես երգիչ, ինքը շատ մեծ ոգեվորվածությամբ, չճանաչելով ինձ, ուղղորդեց, որ ճիշտ մարդկանց հետ աշխատեմ: Էդ կամեցողությունը, որ կա նման մարդկանց մեջ, դա նախանձելի է, ու ես նրան շատ շնորհակալ եմ»,- պատմել է երգիչ Արամեն:
Կենսուրախ Հայկոն թևեր էր տալիս բոլորին, բայց այն ամենը, ինչ իրենն էր, իր հոգու խորքում էր, ու գուցե սիրտը սեղմում էր` երբեք չէր խոսում դրա մասին ու առաջ էր նայում: Այդպես արտահայտվել էր նաև իր հարցազրույցներից մեկի ընթացքում. «Իմ խառնվածքով ես այնպիսինն եմ, որ չեմ սիրում, որ ինչ-որ մեկն ինձ խղճա, թե վայ, բան, ինչ եղավ: Ես միշտ սիրում եմ ուժեղ լինել, միշտ լավ վիճակի մեջ լինել»: