«Իր երգի պես ամենան էր․ բոլորս պապանձված ենք». Րաֆֆի Ալթունյանը՝ Հայկոյի մասին (Տեսանյութ)
Հայկոն բացառիկ երաժիշտ էր, չկրկնվող տեսակ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց երգերի հեղինակ, երգիչ Ռաֆֆի Ալթունյանը։ «Թե որպես մարդ, թե որպես արվեստագետ՝ իր երգի պես ամենան էր։ Այն բացարձակ արժեքները, որ ինքը ստեղծել է այս տարիների ընթացքում, մեր ամբողջ կյանքում մեզ ուղեկից են լինելու, որովհետեւ Հայկոն Երեւանում գույն էր՝ ամենասիրուն գույնը։ Բոլորս պապանձված ենք»,- նշեց երաժիշտը։
Ալթունյանը նշեց, որ Հայկոյի հետ կաված բազմաթիվ հուշեր կան, քանի որ բացի համագործակցելը՝ ընկերություն են արել։ Նա նշեց՝ որպես մարդ Հայկոն դրական էր, որպես ընկեր՝ հոգատար, նվիրված․ «Ամեն ինչով էր Հայկոն լավը»։
Նա հիշեց, որ Հայկոյի հետ վերջին անգամ խոսել է, երբ Կիեւում է եղել՝ հավանաբար 15 օր առաջ։ «Խոսեցինք, ասաց, որ լավ է, երեւի մրսածություն է։ Հետո, երբ արդեն եկա Երեւան, զանգեցի, չպատասխանեց ու ինձ հաղորդագրություն գրեց, որ եղբոր հետ կապվեմ։ Երեւի արդեն լավ չէր զգում, ի վիճակի չէր խոսել հեռախոսով»,- նշեց Ալթունյանը։ Նա ասաց, որ Հայկոն երգարվեստի յոթ նոտաներն էր։
Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցին միշտ գերել է Հայկոյի բաց, համեստ լինելը։ «Նա շատ բաց էր, ազնիվ էր ու շատ բարի մարդ։ Կարծում եմ, որ իր երգերը, որ գրեթե բոլորը սիրո մասին են, շատ համահունչ են իր էությանը»,- ասաց Սահակյանցը։
Սահակյանցը նշեց՝ անկեղծ լինելն ամենակարեւոր հատկությունն է, որի համար սիրեցին Հայկոյին։
«Բոլորիս զգացումներն էլ այս պահին նույնն է՝ կորուստի ցավը։ Անընդհատ կորուստներ են, Երեւանը կարծես դատարկվում է։ Իմ համար ինչ-որ խորհրդանիշներ կան, ու Հայկը ինձ համար, միանշանակ, դրանցից մեկն էր։ Որպես նկարիչ կարող եմ ասել՝ երբ ներկերսը խառնում ես, գունավոր հետաքրքիր զանգված է ստացվում։ Այդպիսի մի շատ կարեւոր բան պակասեց մեզ մոտ»,- նշեց Սահակյանցը։