Բաքվում 125 հայ գերի է պահվում. ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ
Պաշտոնական տվյալներով՝ Բաքվում 45 հայ գերի է պահվում, այսինքն՝ Ադրբեջանն ընդունում է, 45 հայ գերի է պահվում, որոնց այդ երկրի իշխանությունները հանցագործություններ են վերագրում՝ փորձելով հետաձգել նրանց՝ հայրենիք վերադառնալու գործընթացը: Այս մասին սեպտեմբերի 27-ին հայտնել է , որը ներկայացնում է հայ ռազմագերիների շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ):
Նա պարզաբանեց, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ կան պաշտոնական տվյալներ, ինչպես նաեւ ոչ պաշտոնական տվյալներ՝ հիմնված փաստահավաք աշխատանքների արդյունքների վրա:
«Մեր ունեցած տվյալների հիման վրա կարող ենք ասել, որ բացի 45 գերիներից, Ադրբեջանում պահվում է եւս 80 հայ գերի: Սա ստույգ թիվ է: Կան անհերքելի ապացույցներ՝ տեսագրությունների, լուսանկարների տեսքով, եւ կան ականատեսներ, որոնք անձամբ տեսել են գերիներին», - նշեց Սահակյանը:
Ադրբեջանի համար հայ գերիները լրացուցիչ լծակ են քաղաքական նպատակներին հասնելու համար, պնդում է Սիրանուշ Սահակյանը: Նրա խոսքով՝ հայ գերիների վերադարձնելու խնդրի լիարժեք լուծումը կապված է քաղաքական խնդիրների հետ: «Գերիների՝ ականապատ դաշտերի քարտեզներով փոխանակման օրինակով, Ալիեւի եւ Էրդողանի կնոջ խոսակցության օրինակով ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանում հայերը որպես պատանդ են պահվում: Քանի որ կան չլուծված քաղաքական խնդիրներ, ադրբեջանական կողմը ձգձգում է նրանց հայրենադարձությունը, քանի դեռ քաղաքական օրակարգը չի սպառվել: Իսկ այն չի սպառվել, քանի որ կան սահմանների, սահմանազատման, Ղարաբաղի կարգավիճակի եւ այլ հարցեր», - նշեց նա:
Սահակյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները միջազգային հարթակներից Ադրբեջանի հասցեին լուրջ մեղադրանքներ առաջ չեն քաշում. «Սա, ըստ երեւույթին, արվում է՝ չխաթարելու համար հարցերի լուծման քաղաքական ձեւաչափը, որում ներգրավված են նաեւ երրորդ երկրներ», - ավելացրեց փաստաբանը: