ՀՀ գործող իշխանությունը չի կարողանում պատշաճ ուղերձներով պատասխանել այն ռազմաշունչ հռետորաբանությանը, որը գալիս է Բաքվից և Անկարայից. Աբրահամ Գասպարյան
Քննարկումն անվանել եմ «Անավարտ պատերազմ»՝ մի շարք հանգամանքներ հաշվի առնելով: Առաջին հերթին՝ պատերազմն իր ռազմական կոմպոնենտով դեռ շարունակվում է ակտուալ մնալ մեր տարածաշրջանում: Այս մասին Genesis Armenia-ի գրասենյակում տեղի ունեցող «Անավարտ պատերազմ» խորագրով կլոր սեղանին հայտարարեց Genesis Armenia-ի հիմնադիր Աբրահամ Գասպարյանը:
«Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է զբաղեցնել ՀՀ ինքնիշխան տարածքը, ռազմատենչ հռետորաբանությունը և սպառնալիքները չեն դադարում հայկական զույգ պետությունների հասցեին: Երկրորդ գլխավոր խնդիրն այն է, որ քարոզչական դաշտում ՀՀ գործող իշխանությունը չի կարողանում պատշաճ ուղերձներով պատասխանել այն ռազմաշունչ հռետորաբանությանը, որը գալիս է Բաքվից և Անկարայից»,-ասաց նա:
Հաջորդով, Գասպարյանի խոսքով, տարածաշրջանում անվտանգային լուրջ շարժեր են տեղի ունենում՝ Իրանի դեմ պատերազմի սպառնալիքից սկսած մինչև Իրան-ԱՄՆ միջուկային համաձայնագրի վերադարձի խնդիր, ինչպես նաև՝ Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հնարավոր հաստատում, ու Թուրքիայի նախագահի նվաստացնող ուղերձներ՝ ուղղված Հայաստանին: