Եթե բացվի նաև Թուրքիան Հայաստանին կապող երկաթուղին, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման շատ ավելի մեծ մասշտաբներ կունենա. Փաշինյան
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումներին ելույթ ունենալիս Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, ինչ մասին, ըստ վարչապետի, ասված է Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում:
«Այս կարևորագույն խնդրի լուծման արդյունքում տարածաշրջանի երկրները փոխկապակցված կլինեն տրանսպորտային զարկերակներով: Հնարավորություն կստեղծվի տնտեսական կապերի ձևավորման համար, ինչը խաղաղ զարգացման կարևոր նախապայմաններից է»,- ասել է նա:
Փաշինյանը նշել է՝ ճանապարհների վերաբացման թեման ուսումնասիրելիս պարզել են, որ տարբերակներ կան, որոնք տարածաշրջանային մեկուսացման և թշնամության մթնոլորտի արձանագրման նպատակ ունեն.
«Բայց կան նաև այնպիսի տարբերակներ, որոնք ընդգծում են տարածաշրջանային փոխկապակցվածությունը և թշնամության մթնոլորտի քայլ առ քայլ հաղթահարման միջոց կարող են դառնալ: Մենք հենց այս վերջին տարբերակի կողմնակից ենք:
Եթե բացվի նաև Թուրքիան Հայաստանին կապող երկաթուղին, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման շատ ավելի մեծ մասշտաբներ կունենա»,- նշել է Փաշինյանը: