Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերինի
ՏեսանյութերՍեպտեմբերի 23-ին ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեեկա Հաավիստո Օլավիի հետ։
Հայաստանի ու Ֆինլանդիայի ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերի շնորհիվ առավել զարգացնելու հայ-ֆիննական համագործակցությունը: Կարևորվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ձևաչափի հաստատումը, կրթության, շրջակա միջավայրի, բիզնեսի ոլորտներում համագործակցության զարգացումը։
Անդրադառնալով տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերի՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ տարածաշրջանային կայունության և անվտանգության հաստատման համար կարևոր են հրադադարի ռեժիմի պահպանումը, Ադրբեջանում դեռևս պահվող ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձումը, ինչպես նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելը։
Արարատ Միրզոյանն ընդգծել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ միտված հակամարտության տևական ու համապարփակ կարգավորմանը։