«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհը դեռ չի մարվել. Մեկնել է 32 փրկարար
Սեպտեմբերի 17-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով «Արևիկ» ազգային պարկի տարածք են մեկնել 32 փրկարար ծառայող, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 25 աշխատակից և «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի 10 աշխատակից։ Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 13։34-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Արևիկ» ազգային պարկի տարածքում նկատվել է ծուխ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։
Մթության և ճանապարհի դժվարանցանելիության պատճառով ընթացքը ժամանակավորապես դադարեցվել է․ «Արևիկ» ազգային պարկի 5 աշխատակից տեղում իրականացրել է հերթապահություն։
Սեպտեմբերի 16-ին, ժամը 07։25-ին «Արևիկ» ազգային պարկի տարածք են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Արևիկ» ազգային պարկի տարածքում այրվել է մոտ 60 հա բուսածածկույթ։
Ժամը 11։00-ի դրությամբ նույն տարածքում այրվում է մոտ 10-12 հա բուսածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև «Արևիկ» ազգային պարկի 20 աշխատակից և N զորամասի 23 զինծառայող:
Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ սահմանվել է հերթապահություն։