Կառավարությունը երբեք չի ասել, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները ծախսվել են ռազմական կարիքների համար. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Տեսանյութեր44-օրյա պատերազմի ընթացքում Սփյուռքում և Հայաստանում հայությունը կոպեկ-կոպեկ գումար էր հավաքում «Հայաստան» Համահայկական հիմնադրամում՝ ի աջակցություն մեր բանակի և երկու պետությունների։ Հետո այդ գումարների ճակատագիրը մեծ կասկածների առիթ տվեց։ Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը։
«Տեղի ունեցավ ուղղակի բյուջետային ֆինանսավորում, հիմնադրամից գումարները ուղղվեցին բյուջե, որից հետո մարտի 15-ին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումը եղավ`ստեղծել աշխատանքային խումբ, որը աուդիտորական նվազ հայտնիություն ունեցող համաշխարհային կազմակերպության հետ համատեղ պետք է կատարեր աուդիտ և ներկայացնեին հասարակության դատին, որպեսզի փարատվեին բոլոր կասկածները։ Դրա վերջնաժամկետը ապրիլի 5-ն էր, ինձ հետաքրքրում է՝ ինչ տեղի ունեցավ այդ աուդիտորական կազմակերպության հետ»։
Հարցին ի պատասխան`Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.
«Ձեր նշած իրադարձություններին ավելացնեմ երկու կարևոր նրբություն։ Ձեր նշված հոգաբարձուների խորհրդի արդյունքներում տարածվել է հայտարարություն։ Ես երաշխավորում եմ, որ Հոգաբարձուների խորհուրդը արձանագրել է, որ լսել է իմ հաշվետվությունը և արձանագրել, որ չարաշահումներ և հանգանակված գումարների վատնումներ չեն եղել, որից հետո ստեղծվել է աշխատանքային խումբ և իրականացվել աուդիտ։ Որպես հոգաբարձուների խորհրդի անդամ՝ ես տեղյակ եմ, որ այդ աշխատանքները արվել են։ Ես չեմ կարող ասել հրապարակվել են, թե ոչ, բայց որքանով տեղյակ եմ աուդիտի արդյունքներով որևէ խնդրահարույց բան չի արձանագրել»։
Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի պատասխանին՝ Մամիջանյանը նշեց, որ խոսքը առաջին հերթին գնում է բյուջե ուղարկված շուրջ 52 մլրդ դրամի մասին, որոնք, ըստ տարածված հայտարարության, ծախսվել են ռազմական ծախսերի ուղղությամբ։
««Պատիվ ունեմ» խմբակցությունը, օգտվելով խորհրդարանական վերահսկողական հիմնական լծակ հանդիսացող քննիչ հանձնաժողովների ինստիտուտից նախաձեռնելու է քննիչ հանձնաժողովի ստեղծում համահայկական հիմնադրամի միջոցների ծախսման, դրա արդյունավետության, օպերատիվության և ոլորտների ընտրության հետ կապված։ Առկա է հիմնավոր կասկած, որ բյուջետային ֆինանսավորումը կապված էր նրա հետ, որ բյուջեում գումարներ չկային և այդ գումարները ծախսվել են»։
Նիկոլ Փաշինյանը թյուրըմբռնման արդյունք համարեց ռազմական ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը։
«Կառավարությունը երբեք չի ասել, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները ծախսվել են ռազմական կարիքների համար։ Կառավարությունը ասել է, որ հետպատերազմյան շրջանում իրականացրել է ավելի քան 100 մլրդ դրամի հատկացում պատերազմի ընթացքում առաջացած կարիքների համար։ Այդ 100 մրդի մեջ 52 մլրդը եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներից։ Հետևաբար չէր կարող պետական միջոցներից գումար տրամադրվել։ Հիմնադրամի միջոցները ծախսվել են այն նպատակների համար, որոնք նախատեսված են հիմնադրամի կանոնադրությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։