«Կանայք չեն կարող նախարար լինել. դրա փոխարեն պետք է ծննդաբերեն». թալիբները մերժել են կին նախարարների գաղափարը (տեսանյութ)
«Թալիբան» արմատական շարժման խոսնակը հինգշաբթի հայտարարել է, որ կանայք երբեք նախարարի պաշտոն չեն զբաղեցնի կառավարությունում, քանի որ դա բեռ է, որը նրանք «չեն կարող կրել», և փոխարենը պետք է «ծննդաբերեն»:
Աֆղանական TOLO News լրատվական գործակալությանը տված հարցազրույցում խոսնակ Սայիդ Զեքրուլլահ Հաշիմին հայտարարել է, որ թալիբները «կանանց չեն համարում հասարակության կեսը», և որ թույլ տալ կնոջը դառնալ կառավարության անդամ՝ նախարար, նշանակում է «նրա վզին դնել այնպիսի բան, որը նա ի զորու չէ տանել»:
Բացի այդ, Հաշիմին հայտարարել է, որ «փողոցում բողոքի ակցիա իրականացնող կանայք Աֆղանստանի կանայք չեն»:
«Աֆղանստանի կանայք նրանք են, ովքեր ծնում են Աֆղանստանի ժողովրդին, կրթում նրանց իսլամական էթիկայի վերաբերյալ»,-եզրափակել է խոսնակը: