15 մլրդ դրամի ներդրում՝ Ստեփանակերտում ջրի խնդիրը լուծելու համար
Իրականացվում է Արցախի անկախության տարիների ամենախոշոր նախագիծը: Կառուցվում է Պատարայի ջրամբարը: Առաջին փուլում նախատեսվում է նույնանուն գետը խողովակաշարով միացնել Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգին:
Գեորգի Հայրիյան, Արցախի ջրային կոմիտեի նախագահ - Խողովակաշարերը բաժանել ենք 10 մասի, 10 լոտի ենք բաժանել: Աշխատանքներն իրականացնելու է 6 շինարարական կազմակերպություն: 3-ի հետ արդեն պայմանագիր ունենք:
Արցախի ջրային կոմիտեում պարբերաբար խորհրդակցում են ոլորտի մասնագետների հետ: Նախագիծը փորձաքննություն կանցնի Շուշիի տեխնոլոգիական համալսարանում: Գետի նվազագույն մակարդակի պայմաններում վայրկյանում 80 լիտր ջուր կհասնի Ստեփանակերտ:
Ալբերտ Մարգարյան, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր - Դա մեծ քանակություն է Ստեփանակերտի պակասող ջրի լրացումն իրականացնելու համար: Եվ ես կարծում եմ, որ նախագծի նախնական տարբերակի իրացումը հնարավորություն կտա ոչ միայն ապահովել խմելու ջուրը, այլև ինչ-որ չափով ջրի մի մասը տրամադրել ոռոգման նպատակների համար:
Այժմ լայնացվում է դեպի գետ տանող ճանապարհը, որից հետո միայն շինտեխնիկան կկարողանա մոտենալ: Այստեղից մինչև Ստեփանակերտ 23 կմ խողովակաշար է անցկացվելու: Արցախի նախագահի հանձնարարականի համաձայն՝ 2022-ի հունիսին Ստեփանակերտը պետք է ջրամատակարարման խնդիր չունենա:
Գեորգի Հայրիյան - Ժամկետը, իհարկե, շատ կարճ է, բայց իմանալով, պատկերացնելով, թե ինչ կարող է լինել 2022-ի ամռանը, մենք ամբողջությամբ լծված ենք գործին և վստահ եմ, որ կավարտենք:
Երկրորդ փուլում կկառուցվի Պատարայի ջրամբարը, հետո ոռոգման համակարգի խողովակաշարը: Ծրագրով ոռոգելի կդառնա նաև Ասկերանի շրջանի 2500 հեկտար տարածքը: Ջրամբարի ծավալը 6 միլիոն խորանարդ մետր է:
Հարություն Հակոբյան, նախագծող ընկերության տնօրեն - Այս ջրատարն օգնելու է ոչ միայն Ստեփանակերտին, այլ նաև հարակից խողովակաշարի բնակավայրերի ջրամատակարարման հարցի լուծմանը:
Պատարայի ջրամբարի ընդհանուր արժեքը կկազմի ավելի քան 15 միլիարդ դրամ: