Մեկնարկել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցույթի հարցազրույցների փուլը
Մեկնարկել է ստեղծվող Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցույթի հարցազրույցների փուլը: Թեկնածուները երեքն են՝ Սասուն Խաչատրյան, Գառնիկ Թորոսյան և Դավիթ Մկրտումյան:
Մրցութային խորհրդում ներկայացուցիչներ ունեն Կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը, դատախազությունը և «Իրազեկ քաղաքացիների միավորումը»:
Կոմիտեի նախագահի թեկնածուները պատասխանելու են մասնագիտական, անձնական որակներին և բարեվարքությանը վերաբերող հարցերի:
Մրցութային խորհրդի ներկայացուցիչների հարցերին առաջինը պատասխանել է Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը:
Նա նշել է, որ գործերի քննության արդյունավետության համար կառույցը պետք է ունենա օպերատիվ մարմին: Կոմիտեի ղեկավար ընտրվելու դեպքում Խաչատրյանը ակնկալում է, որ մարմինը կունենա փորձագիտական կենտրոն:
«Ծառայությունն այսօր, ինչ որ նախատեսված է օրենքով՝ 30 քննիչ, 60 օպերատիվ աշխատող, այդ սպասումները, որոնք ձևավորված են հասարակության մեջ, այդ անձնակազմով չի կարողանալու իրականացնել: Ծառայությունը հետզհետե պետք է զարգանա, պետք է ունենա մարզային կառույցներ:
Մարզային կառույցներում պետք է լինեն և՛ օպերատիվ աշխատակիցներ, և՛ քննիչներ, որովհետև այդ ծառայությունն իրականացնելու է ոչ միայն նախաքննական ֆունկցիա, այլև կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ֆունկցիա:
Պետք է ունենա հզոր փորձագիտական թիմ, որն ի զորու կլինի գտնել ֆինանսական ակտիվներ, միջազգային համագործակցության լուրջ փորձ ունեցող թիմ պետք է ձևավորել: Այսօր էլ քիչ չեն դեպքերը, երբ այս կամ այն միջազգային իրավական հարցում ուղարկելուց հետո ստացվում են պատասխաններ, որ հարցումը չի կարող կատարվել ինչ-որ տեխնիկական թերության պատճառով»,- ասել է Խաչատրյանը: