Լոռիում պետբյուջեի միջոցներով 3 դպրոց և 1 թանգարան է վերանորոգվելու
Լոռու մարզի մի շարք համայնքներում այս տարի պետբյուջեի միջոցներով կնորոգվեն դպրոցներ, մշակութային օջախներ, բակեր, պուրակներ, խաղահրապարակներ, վերելակներ:
Արամ Խաչատրյան (Լոռու մարզպետ) - Կառավարության որոշմամբ Լոռու մարզպետարանին արդեն տրամադրվել է 140 մլն դրամ, որից 40 մլն մենք պիտի տրամադրենք դպրոցներին, իսկ մնացածը՝ արդեն համայնքներին:
Նախատեսված գումարով կվերակառուցվեն Ամրակից, Լեջան, Արջուտ, Վարդաբլուր, Վահագնի և Մղարթ համայնքների դպրոցները, Վանաձորի 2-րդ, 9-րդ և 28-րդ հիմնական դպրոցները:
Վանաձորի համար 2 դպրոցում նորոգվելու է տանիքը. բազմիցս փորձել են հարցը ինքնուրույն լուծել, սակայն միջոցները չեն բավարարել: Այժմ կրթօջախին տրամադրվել է 6 մլն դրամ: Նախահաշվարկային փուլն ավարտել, սպասում են մրցույթի անցկացմանը:
Հակոբ Մամուլյան (Վանաձորի թիվ 2 դպրոցի տնօրեն) - Տրամադրվել է գումարը, փորձելու ենք հասցնել, որ մինչև անձրևների սկսելը հասցնենք տանիքն ամբողջությամբ վերանորոգենք, որպեսզի երեխաները առանց պրոբլեմի, առանց ընդհատումների դասապրոցեսն անցկացնեն:
Համար 9 դպրոցում կփոխվեն լուսամուտները, 28-րդ դպրոցում կնորոգվեն սանհանգույցները:
Անահիտ Վարդանյան (Վանաձորի թիվ 9 դպրոցի տնօրեն) - Փոքր դպրոց է, շատ կարիքներ ունի: Աշակերտների թիվը քիչ է, քանի որ վարձատրվում ենք աշակերտների թվով: Գումարը միշտ քիչ է եղել և միշտ չի բավականացրել ոչ մի բանի: Ու սա մեզ համար շատ լուրջ օգնություն էր այս պահին:
Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարանում նախատեսվում է նորոգել 2 սենյակ: Հատակի ամրացման աշխատանքները մեկնարկել են, հաջորդ քայլը առաստաղի և պատերի վերականգնման աշխատանքներն են: Նախատեսվում է շինաշխատանքներն ավարտել մինչև սեպտեմբերի 20-ը: Թանգարանում 37 հազարից ավելի ցուցանմուշներ են պահվում, վերանորոգումից հետո էլ այստեղ նոր ցուցադրություն կլինի:
Արմինե Ավդալյան (Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի տնօրեն) - Անցած տարվա աշնանը ջրատար խողովակները վնասվել էին, ջուրը թափվել էր գրադարանի և արխիվի հատված, վնասել էր պատերն ամբողջությամբ, առաստաղը և հատակը: Թանգարանը չուներ այնքան ֆինանսական միջոցներ, որ ինքնուրույն կարողանար կազմակերպել շինարարական աշխատանքները:
Այս տարի սուբվենցիոն ծրագրերով տարբեր շինաշխատանքներ կիրականացվեն նաև մարզի այլ համայնքներում՝ Ստեփանավանում, Ախթալայում, Շնողում, Միխայլովկայում, Թումանյանում, Շենավանում, Դարպասում և Վահագնաձորում: