Պատերազմից հետո խնդիր ունենք վերլուծելու մեր անցյալի հաջողությունները, ձախողումները. Արտակ Բեգլարյան
ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը տեսաուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձի առթիվ՝ ապագայի ոլորտային հենասյուների, որակների ու անելիքների մասին:
«Սա յուրահատուկ օր է, որովհետև պատերազմից հետո մենք խնդիր ունենք վերլուծելու մեր անցյալի հաջողությունները, ձախողումները, նաև մեր ընտրած ճանապարհի ճշմարտացիությունը:
Առնվազն 30 տարվա հեռավորությունից դիտարկելով ընտրված ճանապարհը՝ միանշանակ մենք պետք է փաստենք, որ չկա այլընտրանք: Սա միակ ճշմարիտ ուղին է՝ անկախության ուղին, որովհետև այս 30 տարվա զրկանքները, կորուստները, ամեն ինչ եղել են այս անկախության համար, եղել է այս ճանապարհի համար: Եվ եթե չկա անկախությունը, ապա մենք բոլորս կմտածենք, թե իզուր էին բոլոր զրկանքները և բոլոր կորուստները:
Սակայն մենք պետք է հասկանանք, որ անկախությունը, ինքնորոշումը և մեր արժեքների պահպանությունն ու պաշտպանությունը կոնկրետ զրկանքներ, զոհողություններ ու կորուստներ է պահանջում: Մենք պետք է հասկանանք, որ այս ճանապարհը դժվարին է, սակայն սա առաքելություն է, որն այլընտրանք չունի»,- ասել է Արտակ Բեգլարյանը: