ՏՄՊՊՀ-ն լոլիկի, վարունգի շուկայում դերակատարում չունի․ ՏՄՊՊՀ նախագահը՝ գյուղմթերքի թանկացման մասին (տեսանյութ)
Ամբողջ աշխարհում պարենի գները բարձրացել են, թանկացել են նաև բեռնափոխադրումները, թանկացումներ են եղել բենզինի և նավթամթերքի շուկայում ևս։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը զբաղվում է կենտրոնական շուկաներում մրցակցության պաշտպանությամբ և ոչ թե գների կարգավորման հարցով, ՏՄՊՊՀ-ն կարող է միջամտել միայն այն դեպքում, երբ որ շուկայում կա գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտ և նրա կողմից դեմպինգի կամ գների չհիմնավորված բարձրացման պարագայում մենք կարող ենք ինտերվենցիա ունենալ, մնացած պարագայում շուկան ինքն է որոշում գինը»,-ասաց նա։
Գեղամ Գևորգյանը հիշեցրեց, որ իրենց վերահսկողության ներքո գտնվող մի շարք շուկաներում կատարվել են ուսումնասիրություններ ձեթի, ձվի գների բարձրացումների հետ կապված։
«Վարույթի արդյունքները հրապարակվել են․ ընդամենը մեկ ամիս առաջ հրապարակվեց, որ ձու արտադրող երեք խոշոր ընկերություններին պատասխնատվության ենթարկեցինք ձվի գնի հետ կապված գերիշխող դիրքի չարաշահման համար։ Ձվի հետ կապված 2-րդ պատասխանատվության միջոցն ենք կիրառել»,-մանրամասնեց նա։
Պաշտոնյան նշեց, որ ուսումնասիրությունները դեռ շարունակում են բենզինի շուկայում։
Ինչ վերաբերում է գյուղատնտեսական ապրանքներին, ապա ասաց․
«Եթե չեմ սխալվում, ՀՀ-ում 300 հազար գյուղացիական տնտեսություն կա, ՏՄՊՊՀ -ն լոլիկի շուկայում ի՞նչ դերակատարում կարող է ունենալ, կամ վարունգի շուկայում»,-ասաց նա։