«Ցանկանում ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ՝ ելնելով մեր քաղաքացիների, մեր փոխգործակցության շահերից». Լավրովը նշել է Միրզոյանի հետ հանդիպման օրակարգի հարցերը (տեսանյութ)
Մոսկվայում մեկնարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Արարարտ Միրզոյանի հանդիպումը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
«Այսօր լավ հնարավորություն կա՝ կարծիքներ փոխանակելու, թե ինչ վիճակում են գտնվում մեր երկկողմ հարաբերությունները: Դրանք հագեցած են՝ և՛տնտեսություն, և՛ անվտանգության ոլորտ, և՛ ներդրումներ: Մենք դաշնակիցներ ենք ՀԱՊԿ-ի շրջանակում: Խոսքը նաև հումանիտար, կրթական և գիտական կապերի մասին է և, իհարկե, խորհրդարանների և հասարակական կազմակերպությունների միջև կապերի: Մենք հետաքրքրված ենք դրանով: Ցանկանում ենք, որ այդ հարաբերությունները շարունակեն զարգանալ՝ ելնելով մեր քաղաքացիների, մեր փոխգործակցության շահերից»,- ասել է Լավրովն՝ ընդգծելով, որ հանդիպման ընթացքում առանձին ուշադրություն է դարձվելու միջազգային հարցերին:
Նախարարն ընդգծել է, որ «սերտ համագործակցություն է ծավալվում ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում»:
«Առանձին թեմա է, իհարկե, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կարգավորումը: Այստեղ կան շատ հարցեր, որոնք անմիջականորեն քաննարկվում են նախագահների, ՀՀ վարչապետի կողմից: Կան հարցեր, որոնք տեղում կարգավորում են մեր զինվորականները հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Գործում է փոխվարչապետերի ձևաչափով եռակողմ աշխատանքային խմբի մեխանիզմն՝ ուղղված տնտեսական կապերի ապաշրջափակմանը»,- ընդգծել է Լավրովը: