ԱՄՆ-ն հատուկ զենք է կիրառել Աֆղանստանում ԻՊ-ի դեմ ավիահարվածի ժամանակ. մանրամասներ (տեսանյութ)
ԱՄՆ-ն Աֆղանստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների ուղղությամբ ավիահարված հասցնելիս օգտագործել է Hellfire հատուկ հրթիռը, որը պայթուցիկների փոխարեն համալրված է շեղբերով: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Աֆղանստանի Նանգարհար նահանգում օրեր առաջ իրականացված ավիահարվածի հետևանքով երկու գրոհային էր սպանվել, մեկն էլ վիրավորում էր ստացել: Պարբերականի փոխանցմամբ՝ Պենտագոնը չի բացահայտում սպանվածների ինքնությունը: Գերատեսչությունից չեն մասնավորեցրել նաև, թե քանի հարված է հասցվել:
Տեղի բնակիչներից մեկը պարբերականին հայտնել է 3 սպանվածի և 4 վիրավորի մասին, որոնց թվում նաև կին կա:
Ամերիկյան պարբերականը տեսանյութ է հրապարակել ավիահարվածի վայրից: Հրապարակված կադրերում երևում է տան բակում առաջացած գոգավորությունն ու մոխրացած սայլը: Տան պատերին երևում են բեկորներից մնացած հետքեր:
Նշվում է, որ Hellfire R9X հրթիռները, որոնք կիրառում են ամերիկացի զինվորականներն, անվանում են «նինջայի ռումբ»: Հրթիռը համալրված է 6 շեղբով, որոնք բացվում են թիրախին հասնելուց մի քանի վայրկյան առաջ: Դա թույլ է տալիս հստակ որոշել թիրախն ու նվազեցնել զոհերի թիվը խաղաղ բնակիչների շրջանում: