Հանրային տրանսպորտում պատշաճ չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները. ՔՏՀԱՏՄ
ՏեսանյութերՀանրային տրանսպորտում պատշաճ չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն անցել է խստացված ստուգումների: Տեսուչներն Էրեբունիում այսօր մի քանի ժամում 10 արձանագրություն կազմեցին:
Խախտումները տարբեր են. մեկում՝ վարորդը, մյուսներում՝ ուղևորներն են առանց դիմակի, երրորդում ալկոգել չկա, չորրորդում էլ սոցիալական հեռավորությունը չեն պահում: Տեսչականի տրանսպորտի անվտանգության բաժնի պետը բոլորին զգուշացրեց հետևել կանոններին, այլապես տնտեսվարողը կենթարկվի պատասխանատվության:
Արթուր Արաբաչյան (ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանի պետ) - Ուղևորները բողոքում են: Ոչ պատշաճ արտաքին տեսք է, ամեն օր պիտի լվանաք ձեր մեքենան, նոր հավաքակայանից դուրս գա:
Խստացված ստուգումներին առաջին անգամ միացավ նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: Տարածքային կենտրոնի մասնագետը առանց դիմակի վարորդին, կանգնած երթևեկող ուղևորներին հակահամաճարակային կանոնների մասին հիշեցրեց:
Դժգոհող, դիմակից սկզբունքորեն հրաժարվող վարորդներ, շնչառական խնդիրներ ունեցող ուղևորներ էլ կան:
Այս հարցի պատասխանն էլ տեսչականն ունի. ավելի լավ է փոքր անհարմարություն կրել, քան հետո կորոնավարկի ու դրա հետևանքների դեմ պայքարել:
Գոռ Հարությունյան (ՔՏՀԱՏՄ Երանի տրանսպորտի անվտանգության բաժնի փորձագետ) - Մեր աշխատանքների բնույթը զուտ տուգանք կիրառելը չէ, այլ փորձում ենք քաղաքացիների մաքսիմալ գիտակցությունը բարձրացնել, որ վարակի տարածման մեծ աղբյուրը կարող է հանդիսանալ հանրային տրանսպորտը:
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 10 օրում 750 տրանսպորտային միջոց է ստուգել: 75-ի դեպքում արձանագրություն կազմել, տնտեսվարողին նախազգուշացրել՝ եթե թերությունները չվերացնեն, ստիպված կլինեն ժամանակավոր կասեցնել երթուղու գործունեությունը: