50 հազար դրամ՝ 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխային. կառավարության նոր ծրագիրը
2022 թվականի հունվարի 1-ից հետո բոլոր այն ընտանիքներում, որտեղ կլսվի երրորդ և ավելի երեխայի ճիչ, կտրամադրվի 50 000 դրամ ամենամսյա նպաստ: Սոցիալական աջակցությունն այդ ընտանիքները կստանան մինչև երեխայի 6 տարեկան դառնալը: Երկրում ծնելիության ցուցանիշը բարձրացնելու համար է սոցապնախարարությունը նոր ծրագիրը կառավարություն ներկայացրել:
Դավիթ Խաչատրյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Սա կառավարության հերթական ծրագրերից է, և որոշ ժամանակ անց՝ 4 տարի հետո, մենք վերագնահատելու ենք այս ամենը, և երբ մենք գնահատենք և տեսնենք, որ ծառայել է իր բուն նպատակին, գուցե էս ծրագիրը դառնա արդեն որպես նպաստի տեսակ և մեր նպաստների մասին օրենքում տեղ գտնի:
Հայկուհին հունվարի վերջին իր երրորդ զավակն է ունենալու: Երկու աղջիկ ունի, հիմա տղայի են սպասում: Կեսկատակ-կեսլուրջ ասում է՝ տղային ավելի շուտ էին սպասում, բայց այս դեպքում ավելի ուրախ է. բալիկը 2022-ին է ծնվելու: Վստահեցնում է՝ պետությունից իրենց ընտանիքը երբևէ որևէ նպաստ չի ստացել:
Հայկուհի Գաբրիելյան - Բոլորի համար էլ, դե, էս ծրագիրը շատ կարևոր է ընտանիքների համար: Ավելի լավ կլիներ, որ ավելի վաղուցվանից լիներ, որովհետև շատ-շատերն էին սպասում: Ճիշտ է՝ գումարը մեծ չէ, բայց շատ ընտանիքների համար կարևոր է ինչ-որ հարցեր նյութապես լուծելու համար, ինչի չէ, մեր ընտանիքի համար էլ:
2014 թվականից սկսած, մինչև 2019-ը Հայաստանում ծնունդների թիվը աստիճանաբար նվազել է: 2020-ին ծնելիության ամենաբարձր ցուցանիշն է եղել. ծնվել է 36 533 երեխա, որից 10 131-ը երրորդ և ավելի ծնունդ է եղել: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը սա լավ ցուցանիշ է համարում, ասում՝ բայց դա չի նշանակում, որ մեր երկրում ժողովրդագրական իրավիճակը բարելավելու կարիք չկա:
Դավիթ Խաչատրյան - Մի հետաքրքիր փաստ կարող եմ ասել. վերջին տարիների վերլուծությունը ցույց է տալիս, որ 1-ին և 2-րդ երեխաների ծնունդներն իջնում են տոկոսային առումով, բայց 3-րդ և 4-րդներն աճում են: Պայմանական, եթե ամեն տարի, օրինակ, 5000 երեխա 3-րդ երեխա է ծնվում, հաջորդ տարի 5300 է ծնվում, և այսպես շարունակ: Մի կողմից համ բազմազավակությունը խթանող այս ծրագրերը աշխատում են, մյուս կողմից էլ՝ նոր ամուսնացողների մոտ գուցե հետաձգում է գնում:
Որ ընտանիքներում երրորդ և հաջորդ երեխաներն ավելի շատ լինեն, առնվազն 10 տարի այս ծրագիրը կգործի, բայց եթե այն իր նպատակին չծառայի, փոխնախարար Խաչատրյանն ասում է՝ 5-րդ տարում որոշում կկայացնեն չեղարկելու այն: Ծրագրից արդեն իսկ օգտվողների դեպքում որոշումն օրենքի հետադարձ ուժ չի ունենա: Բալիկի սպասող Հայկուհու խոսքով՝ 50 000 դրամը քիչ չէ, բայց դա չի նշանակում, որ այդ գումարով հնարավոր է երեխային լիարժեք մեծացնել:
Հայկուհի Գաբրիելյան - Թող բոլորի ընտանիքներում էլ լինեն սպասված ծնունդներ, ու թող կառավարությունն էլ ավելի նպաստի մեր ընտանիքների բարգավաճման էս հարցում, ինչու չէ՝ էս հարցերով, իհարկե, թեկուզ մի փոքր նյութապես, բայց մեծ նշանակություն տալիս է: Իհարկե, շատ ունենք անապահով ընտանիքներ, որոնք հենց ունեն էդ գումարների կարիքը:
Դավիթ Խաչատրյանը նաև հիշեցնում է՝ նոր նպաստը կապ չունի 1 կամ 1.5 միլիոն դրամ մեկանգամյա սոցիալական աջակցության ծրագրի հետ:
Դավիթ Խաչատրյան - Պետք է նշել, որ այս ծրագիրը որևէ կերպ չի սահմանափակելու միանվագ նպաստի ստանալու իրավունքը, այսինքն՝ զուգահեռ երկուսն էլ լինելու են: Եթե մեկտեղենք էս ամենը՝ ստացվում է, որ երրորդ երեխան ծնվելուց կստանա 1 միլիոն, նրանից հետո մինչև 6 տարեկան դառնալը 50 000 դրամ և մինչև երկու տարեկանը լրանալը, մայրը, եթե գյուղբնակավայրի աշխատող մայր է 53 000 դրամ կամ, եթե աշխատող չէ՝ 26 500 դրամ, քաղաքի դեպքում 26 500, եթե աշխատող է:
Թեև 2021-ի առաջին կիսամյակի ծնունդների բացարձակ թիվն աճել է 1413-ով կամ շուրջ 9 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բայց Սյունիքում, Վայոց ձորում և Տավուշում ցածր է 3 և ավելի երեխաների ծնելիությունը, փոխարենը՝ տարեցտարի ավելի շատ քույրեր և եղբայրներ են ունենում՝ Երևանում, Արմավիրում ու Արարատում: