Հատուկ պահպանվող տարածքներում աղբամաններ կտեղադրվեն
«Սևան», «Դիլիջան» ազգային պարկերում ու հարակից բնակավայրերում այս աղբամաններից հաճախ կարելի է հանդիպել: Որպեսզի աղբը գետերի հուն կամ անտառածածկ տարածքներում չթափեն ու հատուկ պահպանվող տարածքներում աղբահավաքությանը նպաստեն, շրջակա միջավայրի նախարարի հանձնարարականով բոլոր արգելոցներում, հատուկ պահպանվող տարածքներում ու հարակից համայնքներում աղբամաններ կտեղադրվեն:
Առաջին 60 աղբամանը նախատեսված է «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերի համար: Դրանք այնպես են նախատեսված, որ աղբ թափելու համար կափարիչը ձեռքով բացելու կարիք չլինի:
Արմեն Եսոյան (ՀՀ ՇՄՆ բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար) - Այս ծրագրով նպատակադրված ենք ձեռք բերել շուրջ հազար աղբաման:
Աղբամանները կլինեն թե՛ մետաղական, թե՛ պլաստիկ: 30-ն արդեն տեղադրվել է «Սևան» ազգային պարկի տարածքում: Աղբահանությունը կիրականացնի Սևան համայնքը: Ընդհանարապես, այն տարածքներում, որտեղ նոր աղբամաններ կտեղադրվեն, աղբահանությունը կիրականացնի տվյալ արգելոցի հարակից համայնքը:
Արմեն Եսոյան - Այս ծրագրով շահում են առաջին հերթին հատուկ պահպանվող տարածքները, այս ծրագրի շահառու կարող են դիտել նաև քաղաքներին, նրանց հարակից համայնքներին:
Եղել են տարածքներ, որտեղ ընդհանրապես, երբևէ աղբամաններ չեն եղել՝ ասում է բնապահպանական ծրագրերի գրասենյակի ղեկավարը: Նոր աղբամանները տարբեր չափսի են՝ մեծ և փոքր, հատկացվում են ըստ համայնքի կամ հատուկ պահպանվող տարածքի ներկայացրած անհրաժեշտության:
Աղբամաններ առաջնահերթորեն կստանան վեց արգելոցներն ու հարակից համայնքները: