Գորիս-Կապան ճանապարհին ռուսական եւ ադրբեջանական ուղեկալներ չեն ավելացել. պատգամավոր Արմեն Խաչատրյանը հերքում է տարածված տեղեկությունը
ԳլխավորԱյսօր 19:30-ի դրությամբ բացվել է Գորիս-Կապան միջպետական ճանապարհը: Տեղում շարունակում է աշխատել «Լուրերի» Սյունիքի թղթակից Արմինե Սիմոնյանը: Նրա զրուցակիցը ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանն է, որը հերքեց տեղեկությունը, թե Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական կողմն անցակետեր է տեղադրել:
«Ժամը 20:00-ի սահմաններում կամ մի փոքր ավելի շուտ տեղեկությունն ստանալուն պես Գորիսից անմիջապես մեկնեցի դեպի Շուռնուխ գյուղի ուղղությամբ: Երևի առաջին երթևեկողն էի: Անցակետեր տեղակայելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այս պահի դրությամբ ո՛չ ադրբեջանական, ո՛չ ռուսական ուղեկալներ չեն ավելացել: Ճանապարհն այս պահի դրությամբ այնպիսին է, ինչպիսին եղել է մինչ փակվելը:
Պարզապես նկատեցի, որ Որոտան գյուղի մոտակայքում՝ Ադրբեջանի և ՌԴ համատեղ ուղեկալում, արգելապանեշներ կային ճանապարհի աջ և ձախ հատվածներում, որոնք չէին խոչընդոտում երթևեկությանը: Դրանք, ամենայն հավանականության, արվել են երթևեկության արագությունը նվազեցնելու, անվտանգությունն ապահովելու համար: Հետագայում գուցե դրանք կհանվել: Նոր բան չկա:
Ռուսաստանի սահմանապահ ուժերը, ստորաբաժանումները պարեկությունն ավելի ակտիվ են իրականացնում այդ հատվածում: Շուռնուխ գյուղում պարեկություն են իրականացնում նաև մեր սահմանապահ զորքերը, ոստիկանության ուժերը: Այս պահի դրությամբ ճանապարհն ամբողջովին անվտանգ է: Մեր քաղաքացիներին հորդորում եմ երթևեկել այս ճանապարհով»,- պատմեց Արմեն Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Աղբյուրը՝ 1Lurer.am