Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության (տեսանյութ)
ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն և տեսանյութ է տարածել․ «Ոստիկանությունն ավանդույթի համաձայն՝ այս ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ էլ սեպտեմբերի 1-ից կանցնի ուժեղացված հատուկ ծառայության, որի թիվ մեկ նպատակն է ապահովել աշակերտների, ուսանողների, ուսուցիչների ու դասախոսների, մեր քաղաքացիների անվտանգությունը։
Մինչ ուսումնական տարվա սկիզբը ոստիկանության տարածքային բաժինների անչափահասների գործերով տեսուչներն ու ոստիկանները հանդիպումներ են ունենում դպրոցների տնօրինության հետ, քննարկում ուսումնական հաստատություններում դպրոցական տեսուչների ծառայությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր։
Իսկ դպրոցների և ուսումնական մյուս հաստատությունների մոտակայքում ուժեղացված ծառայություն կիրականացնեն պարեկները, կապահովեն ինչպես հասարակական կարգը, այնպես էլ երթևեկության անվտանգությունը։
Հասարակական կարգի պահպանության գործում ներգրավված կլինեն նաև ոստիկանության զորքերի ծառայողները։
Ուսումնական տարվա մեկնարկին, փաստորեն, ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումները, պարեկային ծառայությունը, ոստիկանության զորքերը, մարզերում՝ ճանապարհային ոստիկանությունը, դպրոցական տեսուչներն ու անչափահասների գործերով զբաղվող ոստիկանները անցնելու են հատուկ ծառայության՝ ապահովելով տուն-դպրոց-տուն ճանապարհի անվտանգությունը։
Հարգելի´ քաղաքացիներ, փողոցները հատեք միայն թույլատրված հատվածներով՝ հետիոտնային անցումներով, գետնանցումներով և վերգետնյա անցումներով։
Հարգելի´ վարորդներ, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։ Դպրոցների մոտակայքում մի´ գերազանցեք թույլատրելի արագությունը։
Միասին անենք ամեն ինչ, որպեսզի ուսումնական տարին սկսվի ու շարունակվի առանց անցանկալի դեպքերի։ Իսկ առաջին անգամ դպրոց գնացող մեր աշակերտներին մաղթում ենք բարի ու արդյունավետ ուսումնական տարի»։