Ստուգայց «Զվարթնոց» օդանավակայանի լաբորատորիաներում. 1Lurer.am
ՏեսանյութերՄառլեն Հարությունյան (լաբորատորիայի աշխատակից) - Ամեն այցելուից հետո ախտահանվում են աթոռը, մակերեսները, ախտահանում ենք սպիրտով՝ ամեն այցելուից հետո, իսկ 2 ժամը մեկ հաճախականությամբ ախտահանվում են բոլոր մակերեսները դեզիտապսով և խոնավ շորով սրբվում:
Առողջապահական և տեսչական մարմնի տեսուչներն իրենց աչքերով այս ամենը տեսան, ֆիքսեցին: Այսօր ստուգայց էին իրականացնում օդանավակայանի տարածքում տեղակայված լաբորատորիաներում:
Նելլի Աբրահամյան (ԱԱՏՄ ավագ տեսուչ) - Ամենահաճախ հանդիպող խախտումներից է, որ ախտահանիչի վրա գրառում չկա, ինչի համար է նախատեսված, տոկոսայնությունը, պատրաստման ամսաթիվը, պիտանելիության ժամկետը:
Յուրաքանչյուր անձի թեստավորումից առաջ և հետո պետք է իրականացվի հաճախ շփվող մակերեսների ախտահանում:
Նելլի Աբրահամյան - Բացի նրանից, որ պետք է իրականացվի աշխատակիցների ջերմաչափում, նմանատիպ կազմակերպություններում նաև պետք է իրականացվի պացիենտների ջերմաչափում, և 37 և բարձր ջերմություն ունենալու դեպքում պետք է համապատասխան գրառումներ կատարվեն: Լաբորատորիա կար, որ նմանատիպ ջերմաչափման գրանցամատյան չունեին:
Այսօր դեռ ընդամենը 5 լաբորատորիայում իրականացրած ստուգայցից 3-ում արդեն խախտումներ էին գտել, արձանագրություններ կազմել:
Նելլի Աբրահամյան - Ապահովված չէին անհատական պաշտպանության միջոցները անհրաժեշտ ծավալով, ախտահանիչի վրա նշագրում չկար, թափոնների վրա նշագրում չկար, պիտակներ չէին փակցնում, այսինքն՝ ամբողջ գործընթացը ճիշտ չէր կազմակերպած:
Այն լաբորատորիաներում, որտեղ տեսուչներն արդեն երկրորդ անգամ էին ստուգայցի, խախտումներ գրեթե չէին արձանագրվում:
Խախտումներ արձանագրելու դեպքում կազմակերպությանը տրվում է ժամանակ՝ թերությունները շտկելու համար: Եթե դրանք չեն շտկվում, տուգանք է սահմանվում՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 300-ապատիկի չափով, երկրորդ անգամ նույն կազմակերպությունում խախտումներ գտնելու դեպքում այլևս շտկումների ժամանակ չի տրվում:
Միանգամից տուգանք՝ մինչև նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով: