«Չպետք է թույլ տալ, որ վարժական հավաքները ֆինանսական կամ այլ բեռ դառնան՝ նպաստելով նրան, որ մարդիկ խուսափեն դրանից». Մարտիկ Մարտիրոսյան. 168.am
Տեսանյութեր«Պրակտիկան գնում է այն ուղղությամբ, որ պայմանագրի ժամկետի լրանալը զինծառայողին ծառայությունից ազատելու անվերապահ հիմք է կամ առնվազն հայեցողություն, մինչդեռ պայմանագրային զինծառայողները հանրային ծառայության մաս են կազմում և ունեն հանրային ծառայողների համար օրենքով երաշխավորված բոլոր իրավունքները, այդ թվում՝ կայունություն, հավասար պայմաններով աշխատանքի ընդունվելու իրավունք»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ իրավաբան, փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով պայմանագրային զինծառայողների իրավունքների խնդրին:
Փաստաբանի խոսքով՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը նշում է, որ պայմանագրի ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ զինծառայողն իրավունք ունի զեկուցագիր ներկայացնել հրամանատարությանը և հայտնել իր՝ ծառայությունը շարունակելու ցանկության մասին, որից հետո վերադաս հրամանատարությունը որոշում է կայացնում՝ շարունակե՞լ, թե՞ ոչ:
«Իմ խորին համոզմամբ՝ այստեղ վերադաս հրամանատարությունը ոչ թե պետք է կամայական որոշում կայացնի, ենթադրենք, ասի՝ չես ծառայելու, առանց որևէ պատճառաբանության, այլ բոլոր այն դեպքերում, որոնցով նախատեսված չեն զինծառայողի հետ պայմանագիրը լուծելու բոլոր հիմքերը, պետք է նրա հետ կնքվի հերթական պայմանագիր, եթե չկան այլ հիմքեր, օրինակ, եթե չի լրացել սահմանային տարիքը»,- ասաց Մարտիկ Մարտիրոսյանը՝ հավելելով, որ, ցավոք, զինծառայողների շրջանում իրենց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության պակասի խնդիր կա:
Անդրադառնալով վարժական հավաքների թեմային ու դրա հետ կապված՝ դրանց մասնակիցների իրավունքներին՝ Մարտիկ Մարտիրոսյանը նախ նշեց, որ վարժական հավաքների ընթացքում կառավարությունն աշխատավարձերի փոխհատուցում չի տալիս:
«Այսինքն՝ եթե մարդը, օրինակ, ստանում է բարձր աշխատավարձ, կառավարությունն այդ աշխատավարձը չի փոխհատուցում: Օրենքն ասում է, որ երբ մարդը ներգրավվում է զինվորական վարժանքներին, նշանակվում է զինվորական պաշտոնի և այդ պաշտոնի դրույքաչափին համապատասխան ստանում է աշխատավարձ, որպես զինծառայող: Այսինքն՝ նա զինծառայողի աշխատավարձ է ստանում: Բայց մենք գիտենք, որ շատերն իրենց աշխատավարձերի չափ վարկային պարտավորություններ ունեն, և ցավոք, այդ հարցը լուծված չէ»,- ասաց փաստաբանը: Վերջինս նկատում է՝ ընդհանրապես վարժական հավաքների հետ կապված օրենսդրությունը լուրջ փոփոխությունների կարիք ունի, որովհետև փոխվել է նաև պահեստազորի կառուցվածքը:
«Վարժական հավաքներին մասնակցությունը կարևոր է, մարդը պետք է դրանց պատրաստ լինի, բայց միևնույն ժամանակ առկա են խնդիրներ: Նսխկինում, եթե պահեստազորում ուսանողներ չկային, ավարտելուց հետո էին գնում, այս պահին արդեն բոլորը զորակոչվում են, ու կարող են ուսանողների հետ կապված խնդիրներ առաջանալ՝ բացակայություններ, քննություններ»,- ասաց Մարտիկ Մարտիրոսյանը:
Ըստ փաստաբանի՝ երկրորդ ամենակարևոր հարցն այն է, որ վարժական հավաքներից ոչ օրենքով, և ոչ կառավարության որոշմամբ ազատման հնարավորություններ ներկայացված չեն, այնինչ օբյեկտիվ իրականության մեջ մարդիկ տարբեր պատճառներով, ընտանեկան դրությամբ պայմանավորված, օբյեկտիվ անհրաժեշտություն կարող են ունենալ չմասնակցելու տվյալ հավաքին:
«Մարդիկ վարժական հավաքներին ոչ թե պատժի սպառնալիքից դրդված պետք է մասնակցեն, այլ պետք է ներկայացվի, որ դա արվում է պետության ու մարդու անվտանգության համար: Այդ նպատակով պետք է իրականացվի ճիշտ քարոզչություն: Եվ ամենակարևորը, չպետք է թույլ տալ, որ վարժական հավաքները ֆինանսական կամ այլ բեռ դառնան՝ նպաստելով նրան, որ մարդիկ խուսափեն դրանից»,- եզրափակեց Մարտիկ Մարտիրոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում