44-օրյա պատերազմում զոհված երկու զինծառայողի ընտանիք Գյումրիում բնակարան է ստացել. 1Lurer.am
Նորակառույց Մուշ 2 թաղամասում երկսենյականոց առաջին նվեր բնակարանը հանձնեցին պայմանագրային զինծառայող Արամ Մկրտչյանի ընտանիքին։ Կարմիր ժապավենը կտրեցին նրա փոքրիկները։ Կատարվեց տնօրհնեքի արարողություն։
Արամը պայմանագրային զինծառայող էր, սեպտեմբերի 27-ից հետո ընտանիքը նրան չի տեսել։ Մինչ այդ ապրում էին չորս հոգով՝ կնոջ՝ Ռեմի մայրիկի տնակում։ Երրորդ փոքրիկը ծնվել է Արամի զոհվելուց հետո:
Ռեմ Պառշկովա (Արամ Մկրտչյանի այրին) - Իրան չի տեսել, տասը ամսական կլինի:
Ընտանիքին տուն անհրաժեշտ էր, բայց այդ մասին դեռ չէին մտածում, այդ մասին երազում ու աղոթում էր ավագ դուստրը։
Ռեմ Պառշկովա - Աղջիկս էր աղոթում, լսել եմ, հիմա էլ չի հավատում, որ տուն ունենք:
Հիմա նրանք արդեն տանն են, Արամն իր անկյունն ունի, բայց կինն ասում է՝ առաջին հերթին Արամի անկյունն իր սրտում է։
Արամենց դրկից կլինի Հովհաննես Խաչատրյանի ընտանիքը։ Դարձյալ երկսենյականոց վերանորոգված ու կահավորված բնակարան։ Հովհաննեսի հետ ընկերներ էին, անկեղծանում է Ջուլիետան, հետո փախան, քանի որ ընտանիքներում ամուսնության հարցով անհամաձայնություններ կային։ Ոչ մի րոպե չի զղջում, շատ դժվարություններ կային, բայց երջանիկ էր, ասում է Ջուլիետան։
Ջուլիետա Մելիքյան (Հովհաննես Խաչատրյանի այրին) - Ունենք երկու բալիկ՝ 6 և 4 տարեկան, պատերազմը սկսվեց՝ պոստերում էր, գնաց Ջաբրայիլ, ընկերները զոհվեցին, հետ բերեց ընկերներին, հուղարկավորեց ու էլի գնաց։
Ապրում էին տնակում՝ վարձով։ Ընտանիքը պլանավորում էր հիփոթեքով բնակարան գնել, բայց պատերազմը չթողեց, պատմում է Ջուլիետան։
Ջուլիետա Մելիքյան - Երկու զավակներին տուն, մեքենա էր պլանավորում, հիմա ես եմ դրանք անելու:
Բնակարանները ընտանիքներին նվիրել են ամերիկահայ բարերար Մանուշ Մամյանի, Armenian Fund ու «Ժոզեֆ և Ալիս Դորյաններ» հիմնադրամների միջոցներով։ Երկսենյականոց բնակարաններ են՝ ամբողջովին կահավորված:
Մինաս Արաբյան («Ժոզեֆ և Ալիս Դորյաններ» հիմնադրամի տնօրեն) - Ընտրության երկու չափանիշ՝ տնակներում և կերակրողին կորցրած՝ Արցախյան պատերազմի ընթացքում, ընտրությունը կատարեցինք քաղաքապետարանի հետ:
Կազմակերպիչները խոստանում են, որ ծրագիրը կլինի շարունակական։ Պլանավորում են նաև Գյումրիում հիմնել տեղեկատվական և վերականգնողական կենտրոններ։