Հայաստանում ընտրությունները` ինչպես հայրենիքի փրկության հատուկ գործողություն. Deutsche Welle
Հեղինակավոր Deutsche Welle գերմանական միջազգային հեռուստառադիոընկերությունն անդրադարձել է այսօր ՀՀ-ում մեկնարկած արտահերթ խորհրդարանական ընտրություններին` նշելով, որ դրանց անցակցման հիմնական պատճառն Արցախյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությունն է: Աղբյուրը նկատում է, որ ռազմական գործողությունների դադարեցման մասին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը հայ հասարակության մի զգալի մասը ընկալել է որպես կապիտուլյացիա: Երկրում հաջորդել են զանգվածային բողոքի ակցիաները, և Նիկոլ Փաշինյանը ստիպված հայտարարել է արտահերթ ընտրություններ:
«Հայաստանում, հավանաբար, երբեք այսպիսի թեժ նախընտրական քարոզարշավ չի եղել: Հիմնական ինտրիգն այն է` արդյոք Փաշինյանին հաջողվե՞լ է պահպանել հասարակության վստահությունը, թե՞ հիասթափված ընտրողները երես են թեքել նրանից: Թեկնածուների մեծ ցանկից իրական շանսեր ունեն երկուսը` «Հայաստան» դաշինքը ՝ երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, և ներկայիս կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության: Չկա հստակ ֆավորիտ»,-գրում է Deutsche Welle-ն:
Աղբյուրը նկատում է, որ Խորհրդարանում տեղերի հավակնորդներն արտահայտությունների հարցում աչքի չեն ընկնում համեստությամբ:
«Փորձագետները մատնանշում են հասարակության կտրուկ բևեռացումը: Ավելի ու ավելի հաճախ է խոսվում այն մասին, որ նույնիսկ եթե ընտրությունները լավ ընթանան, հունիսի 21-ին, հնարավոր է բախումներ լինեն հաղթողների և պարտվողների միջև: Հայ ազգային կոնգրես կուսակցության առաջնորդներից Լևոն Զուրաբյանը, օրինակ, ընտրություններն անվանել է «հայրենիքի փրկության հատուկ գործողություն»»,-նշում է աղբյուրը:
Deutsche Welle-ն գրում է, որ եթե նախընտրական քարոզչության սկզբում «Քաղաքացիական պայմանագիրը», ըստ սոցիոլոգների, առաջ էր Քոչարյանի դաշինքից, ապա այժմ պատկերը փոխվել է: Տեղական MPG Ltd սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած վերջին հարցումների համաձայն ՝ ընտրողների 24,1%-ը պատրաստ է քվեարկել Քոչարյանի «Հայաստան» դաշինքի օգտին, իսկ 23,8%-ը ՝ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի»: Երրորդ տեղում սոցիոլոգները 7,4% ձայն են կանխատեսում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» դաշինքին: Հնարավոր է, որ օլիգարխի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և երկրում ամենամեծ գործատու Գագիկ Ծառուկյանը, ինչպես նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը ևս կանցնեն խորհրդարան:
Ինչպես DW-ին տված հարցազրույցում նշել է քաղաքական վերլուծաբան, Փաստաբանների պալատի անդամ Դավիթ Սանդուխչյանը, այս ընտրությունները եզակի են նրանով, որ դրանց մասնակցում են ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի բոլոր ղեկավարներին ներկայացնող ուժերը: Մեկ այլ առանձնահատկություն Սանդուխչյանը համարում է ընտրողների շրջանում անընդհատ վախերն ադրբեջանական զորքի հնարավոր ներխուժման, սահմանամերձ տարածքների զավթման, վերահաս տնտեսական աղետի և պետականության կորստի վերաբերյալ: