«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները վերսկսվում են առցանց. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ազգային ժողովը վերսկսում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները: Սակայն պայմանավորված Հայաստանում տիրող կորոնավիրուսային իրավիճակով և արտակարգ դրությամբ՝ որոշում է կայացվել հանրային քննարկումներն անցկացնել առցանց եղանակով: Նկատենք, որ այժմ առցանց եղանակով են նիստեր անցկացնում նաև փետրվարին ստեղծված մասնագիտական հանձնաժողովի անդամները, որոնք պետք է առաջիկայում նաև հայեցակարգ ներկայացնեն:
Հիշեցնենք, որ դեռևս 2018 թվականի սեպտեմբերի 28-ին տեղի էր ունեցել ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում հանձնաժողովը հաստատել էր ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը: Միևնույն ժամանակ նշենք, որ առցանց առաջին քննարկումը լինելու է նախընտրական քարոզարշավ, քարոզարշավի ֆինանսավորում, վարչական ռեսուրսի չարաշահման արգելք թեմայով, իսկ հետագայում առցանց քննարկումներ տեղի կունենան նաև ընտրական ցուցակների, արտակարգ դրության պայմաններում քարոզարշավի կազմակերպման և այլ հարցերի շուրջ: Ավելին, հանրային քննարկումներին մասնակցելու համար հրավեր են ուղարկել նաև արտախորհրդարանական կուսակցություններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Առաջին քննարկումը տեղի կունենա օգոստոսի 12-ին»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: