Վլադիմիր Վարդանյանի գլխին «սեւ ամպեր» են կուտակվել. ինչու են նրան դուրս թողել քննարկումներից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
« «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի գլխին սև ամպեր են կուտակվել: Բանն այն է, որ Վարդանյանի եւ սեփական թիմի միջեւ աշխատանքներն այդքան էլ հարթ չեն ընթանում, ու կարելի է ասել, որ Վարդանյանին դուրս են թողել գրեթե բոլոր իրավական հարցերին առնչվող գործընթացներից: Մեր տեղեկությունների համաձայն՝ իշխանության ներսում իրավական հատվածը ղեկավարում է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որի նշանակումը, կարծես թե, հենց այդ նպատակն էլ ուներ:
Նկատենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին եւս Վարդանյանը առաջվա նման ակտիվ մասնակից չի եղել: Լուրեր են պտտվում, որ իշխանության ներսում Վարդանյանից հիասթափվել են, քանի որ սկզբում կարծել են, որ Վարդանյանը, լինելով նախկինում ՀՀ ՍԴ խորհրդական, կկարողանար լուծել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարցը, սակայն ցանկալի արդյունքը արձանագրվեց միայն վերջին սահմանադրական փոփոխությամբ: Վլադիմիր Վարդանյանն այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Բացարձակապես որեւէ նման խնդիր չեմ տեսնում, մենք նույնիսկ արձակուրդի ժամանակ ամենօրյա ռեժիմով հանդիպում ենք ե՛ւ արդարադատության նախարարի ե՛ւ փոխնախարարների հետ, քննարկում ենք բոլոր այն հարցերը, որոնք դրված են օրակարգում»: Հիշեցնենք, որ Վարդանյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի քավորն է»:
Առավել մանրամսն՝ թերթի այսօրվա համարում: