ՀԷՑ-ը կնախազգուշացվի․ ընկերությունը հայտնվել է ՀԾԿՀ-ի տեսադաշտում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
« «Հայաստան էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսադաշտում: Պարզվում է՝ ՀԷՑ-ը պետք է մինչեւ այս տարվա մարտի 1-ը վերակնքեր բաժանորդների հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերը, սակայն դեռեւս մարտի 24-ի եւ հուլիսի 3-ի գրություններով ընկերությունը հայտնել է, որ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող բաժանորդների հետ վերակնքել է էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերի 89 տոկոսը։
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ մարտի 16֊ի որոշմամբ արտակարգ դրություն հայտարարելուց հետո մինչեւ դրա ավարտը ընկերությունը դադարեցնում է բաժանորդի հետ անմիջական շփմամբ իրականացվող բոլոր գործառույթները։
Միաժամանակ, ընկերությունը ՀԾԿՀ-ին հայտնել է, որ դադարեցրել է այն բաժանորդների էլեկտրամատակարարումը, որոնք տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են էլեկտրական էներգիայի մատակարարման նոր օրինակելի ձեւին համապատասխան պայմանագրերի վերակնքումից, սակայն արտակարգ դրության հայտարարումից հետո էլեկտրամատակարարումը կրկին վերականգնվել է:
Բայց, չնայած սրան, ըստ ՀԾԿՀ-ի՝ ընկերությունը խախտել է հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 31-ի որոշման 2-րդ կետով ամրագրված պահանջը, մինչեւ 2020 թվականի մարտի 1-ը չի վերակնքնել բաժանորդների հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերը եւ մինչեւ հիշյալ ժամկետի ավարտը չի դիմել հանձնաժողով այն երկարաձգելու համար։
Արդյունքում ՀԾԿՀ-ն օգոստոսի 5-ի նիստում որոշում կկայացնի՝ ՀԷՑ-ին նախազգուշացում տալու վերաբերյալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: