«Անսանձ» պատգամավորներին կլռեցնեն․ «Իմ քայլը» լրջորեն նախապատրաստվում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը լրջորեն նախապատրաստվում է աշնանային նստաշրջանում «անսանձ» պատգամավորներին լռեցնելու շուրջ: Բանն այն է, որ իշխող խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ անելու մասին նախագիծը, որով ցանկանում է ավելի լրջացնել էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի գոյությունը խորհրդարանում:
Մասնավորապես, իշխող խմբակցության ներկայացրած նախագծով առաջարկվում է էթիկայի հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա նաեւ պատժամիջոցներ սահմանել պատգամավորների նկատմամբ, եւ դա անելու իրավասությունը կտրվի Աժ նախագահին:
Ինչպես հայտնի է, մինչեւ այժմ էթիկայի կանոնները խախտած պատգամավորները պատասխանատվության չէին ենթարկվում: Գաղտնիք չէ, որ յոթերորդ գումարման խորհրդարանում հաճախ են միջադեպեր գրանցվում պատգամավորների մասնակցությամբ, եւ, մեր տեղեկություններով, այս փոփոխությունները հենց այդ նպատակն ունեն, որպեսզի փորձեն պատգամավորներին լռեցնեն էթիկայի հանձնաժողովի միջոցով:
Ընդ որում, այդ հանձնաժողով այսուհետ դիմել կկարողանան բոլորը՝ մատնանշելով ապացույցներ, որ այս կամ այն պատգամավորը խախտել է էթիկայի կանոնները: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխող խմբակցությունն է կրկին մեծամասնություն լինելու՝ չի բացառվում, որ աշնանային նստաշրջանում կարգապահական պատասխանատվության ենթարկված պատգամավորները շատ լինեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: