Ներկայիս իշխանությունները պարբերաբար հայտնվում են այնպիսի թեմաների շուրջ քննադատությունների թիրախում, որոնք վերաբերում են ազգային արժեքներին, ավանդական, ընտանեկան արժեհամակարգերին. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
«Ներկայիս իշխանությունները, անցած երկու տարվա ընթացքում, ի թիվս բազմաթիվ ու բազմաբնույթ այլ հարցերի, պարբերաբար հայտնվում են այնպիսի թեմաների շուրջ քննադատությունների թիրախում, որոնք վերաբերում են ազգային արժեքներին, ավանդական, ընտանեկան արժեհամակարգերին, Հայ Առաքելական եկեղեցուն եւ այլն: Վերջին ամենաթարմ օրինակը դպրոցի առարկայական չափորոշիչների ու ծրագրերի հետ կապված մեծ աղմուկն է:
Չնայած պատասխանատուները փորձում են իրենց քննադատողներին մեղադրել հնարավոր ու անհնար բոլոր «հանցանքներում», նույնիսկ սովորույթի ուժով վիրավորանքներ հասցնել ու անվանարկել, իսկ զուգահեռ «եփած ճաշում» մասնակի փոփոխություններ անել, այդուամենայնիվ, քննադատության քանակը դրանից ամենեւին չի նվազում:
Մասնավորաբար «Փաստ» թերթի հետ զրույցում քաղաքական մեկնաբան Սարո Սարոյանը, խոսելով կրթական չափորոշիչների մասին, նշում է. «Սա միայն տգիտության արդյունք չէ:
Կարելի էր, իհարկե, վերագրել տգիտությանը, եթե մեկ-երկու օրինակ լիներ, բայց երբ տեսնում ենք, որ բոլոր դասագրքերն էլ նույն խնդիրների մեջ են «եփվում», ամեն դեպքում, շատ վերլուծություններ թույլ են տալիս ենթադրել, որ իսկապես դիտավորություն կա: Միգուցե ինչ-որ ժամանակ հետո չարակամության դրսեւորման ապացույցներ ի հայտ գան, բայց այն, որ այս գործընթացում եւս կառավարման խնդիր կա, անհերքելի է»:
Գրող հրապարակախոս Դավիթ Սարգսյանն էլ թերթի հետ զրույցում նշեց, որ «երբ համադրում ենք փաստերը, կատարվող իրողությունները, երեւում է՝ սա ոչ թե միամիտ է արվում, տգիտության արդյունք է կամ պատահական է ստացվել, այլ պարզապես քաղաքականություն է, որն իրականացվում է»:
«Սա պատերազմող երկրի, փոքր պետության, փոքր ազգի պահպանության բոլոր տեսակի վահանների վերացում է»,-ասում է Սարգսյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: