Ժոզեֆ Բորելին ատոմակայանի խնդրի շուրջ եռակողմ հեռախոսազրույց է ունեցել Մնացականյանի և Բայրամովի հետ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության սպառնալիքների հետ կապված, թե կհարվածեն Մեծամորի ատոմակայանին, խնդրել էինք ՀՀ-ում ԵՄ պատվիրակության արձագանքը։
Մեզ պատասխանել են․ «Հուլիսի 22-ին տեղի ունեցավ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելի եռակողմ հեռախոսազրույցը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ քննարկելու վերջին զինված բախումները 2 երկրների միջեւ՝ միջազգային պետական սահմանի երկայնքով:
ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Բորելը կողմերին հորդորեց դադարեցնել զինված առճակատումը և զերծ մնալ լարվածություն հրահրող գործողություններից և հռետորաբանությունից, մասնավորապես՝ տարածաշրջանում առանցքային նշանակության ենթակառուցվածքների նկատմամբ հետագա սպառնալիքներից»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: