Աղվան Հովսեփյանը մի քանի քրեական գործերով հարցաքննվել է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի շուրջ ասեկոսեները նրա պաշտոնաթողության ընթացքում էլ չեն դադարում: Առկա են հանրային սպասումներ, որ նրան էլ է մի օր հասնելու հեղափոխական արդարադատության անողոք ձեռքը:
Մյուս կողմից էլ՝ նրա երբեմնի հզոր թշնամիները, նախկին իրավապահներն անհամբեր են՝ լուրեր են տարածում ինչ-որ քրեական գործի մասին, որը հարուցված է ու քննվում է, սակայն թե որ մարմնի վարույթում է այն եւ ինչ առնչություն ունի Աղվան Գառնիկիչի հետ, հայտնի չէ:
Ըստ որոշ ԶԼՄ-ների տեղեկությունների, այն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն, որովհետեւ ՔԿ-ում կարող էին օբյեկտիվ չլինել իրենց նախկին ղեկավարի նկատմամբ: «Հրապարակը» հարցումներ կատարեց քննչական մարմիններ՝ ՀՔԾ, ՔԿ եւ ԱԱԾ, նաեւ՝ Գլխավոր դատախազություն, խնդրելով պատասխանել, թե արդյոք նախկին գլխավոր դատախազը եւ Քննչական կոմիտեի նախագահը որեւէ քրեական գործով ունի՞ դատավարական կարգավիճակ կամ որեւէ դեպքի կապակցությամբ բացատրություն տվե՞լ է հետաքննության մարմիններին:
Հատուկ քննչական ծառայությունից հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին, ասելով. «Չենք մեկնաբանում»: Քննչական կոմիտեում եւ ԱԱԾ-ում Հովսեփյանին առնչվող քրեական գործ չգտան:
Գլխավոր դատախազությունից, սակայն, տեղեկացրին. «ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Գառնիկի Հովսեփյանը ՀՀ քննչական մարմիններում քննվող մի քանի քրեական գործերով հարցաքննվել է որպես վկա: Քննվող քրեական գործերով այս պահի դրությամբ նա կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի: Ելնելով նախաքննության տվյալների գաղտնիության սկզբունքից՝ հավելյալ տեղեկատվություն չի կարող տրամադրվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: