Այդ դիրքերը, որ վերցրել ենք, մերն էին. Սեյրան Օհանյանի ժամանակ թուրքը վերցրեց. Գերենալի բացահայտումը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. Արցախյան ազատամարտի ընթացքում Հայաստանի զինված ուժերի ձևավորման մեջ մեծագույն ավանդ ունեցած Նորատ Տեր-Գրիգորյանցից հետաքրքրվեցինք՝ իրեն հայտնի՞ է, թե ինչ դիրքեր ենք մենք վերցրել Տավուշում։
Գեներալը գրեթե սենսացիոն հայտարարություն արեց՝ ասելով․ «Ներողություն․․․ էս դիրքերը, երբ ես կառուցում էի բանակ, էս դիրքերը մեր դիրքերն էին։ Երբ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար էր, նրա ժամանակ էդ դիրքերը թուրքը վերցրեց։ Իսկ մեր հերոս զինվորները, գեներալներն ու սպաները հերոսաբար վերադարձրեցին մեր դիրքերը։ Եվ այդ դիրքերը պետք է պահել, թույլ չտալ, որովհետեւ ամեն մի բարձունք ունի ռազմավարական նշանակություն։ Եվ այդ բարձունքների միջոցով է, որ տեղանքի ամբողջական վերահսկողություն է կատարվում»։
Պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, միջազգային հակաահաբեկչության գծով գիտական փորձագետ Հայկ Քոթանջյանը բավականին մռայլ կանխատեսումներ էր արել Թուրքիայի եւ Ադրբեջանի գլխավոր շտաբների համատեղ ռազմական պլանավորումների ու այլ քայլերի վերաբերյալ։ Նա անգամ չէր բացառել այս պետությունների կողմից երկրորդ անգամ ցեղասպանության ենթարկվելու վտանգը, ինչի համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երեք պետություններին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին ու Ֆրանսիային, առաջարկել էր կրկին բանակցային օրակարգ վերադարձնել ղարաբաղյան հակամարտության տարածքն իրենց տիեզերական միջոցներով արբանյակային զոնդաժի՝ տիեզերական մշտադիտարկման մեթոդը։
Նորատ Տեր-Գրիգորյանցը եւս կարծում է, որ հարեւան ագրեսիվ պետությունից, որի նախագահն ամենալկտի կերպով ամենուր ռազմական գործողություններ է իրականացնում ու տարածքներ պոկում, ամեն ինչ կարելի է սպասել։ Նա ասաց․ «Իսկ աշխարհը լռում է․ ՄԱԿ-ը լռում է, ՀԱՊԿ-ն լռում է, նախագաhները լռում են, ՆԱՏՕ-ի ղեկավարությունը լռում է, ԱՄՆ-ն՝ նույնպես։ Իսկ լռությունն այդ լկտիներին տալիս է հնարավորություն՝ նախ հիբրիդային, քարոզչական պատերազմ վարելու, հետո՝ թեթեւ կրակ, հետո՝ լայնամասշտաբ գործողություններ։ Այդ լկտի ագրեսորներից կարելի է ամեն ինչ սպասել, քանի նրանց դեռ չեն կանգնեցրել»։
Նորատ Տեր-Գրիգորյանցը նաեւ սխալ է համարում ՀԱՊԿ-ի կողմից այս դեպքերին չարձագանքելը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: