Ընդունելության քննություններն ընդհանրապես կվերանա՞ն. Մինչև տարեվերջ որոշում կընդունվի. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
«Ընդունելության քննությունների հետ կապված դժգոհությունները չեն հանդարտվում: Առաջին հայտի գերակայության արդյունքում բարձր միավորներով բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները շարունակում են դժգոհել, փորձագետները տարաբեւեռ կարծիքներ են հայտնում:
Ընդհանրապես բուհերի ընդունելության քննությունները մեր իրականության մեջ միշտ էլ վերածվել են յուրատեսակ «կյանքի ու մահվան» կռվի, երբ սեփական զավակի՝ բուհ ընդունվելը պատվի հարց է հայ ծնողի համար:
«Փաստ» թերթի տեղեկություններով, տեւական ժամանակ է՝ իշխանության որոշակի շրջանակներ առաջարկում են 2021 թվականից ընդհանրապես վերացնել ընդունելության քննությունները: Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջերս քննարկումներից մեկի ժամանակ կարծիք է արտահայտվել, թե ժամանակն է ձերբազատվել «սովետից մնացած» այս համակարգից:
Այս գաղափարի կողմնակիցները քիչ չեն, սակայն հարցն այն է, որ դեռեւս չեն կարողանում գտնել լուծման ճանապարհը:
Բանն այն է, որ քննարկվող տարբերակները, ասենք՝ ընդունելությունը կազմակերպել դպրոցական գնահատականներով, ապա զտման շեշտը դնել ռոտացիոն համակարգի, այսինքն՝ բուհական ընթացիկ գնահատականների վրա, ընդհանրապես վերացնել անվճար տեղերը եւ այլն, տարատեսակ խնդիրներ են առաջ բերում:
Այդուամենայնիվ, մեր աղբյուրների փոխանցմամբ, այս թեմայով քննարկումները բավականին թեժ են, եւ փոքր չէ հավանականությունը, որ մինչեւ տարեվերջ այս առումով վերջնական որոշում ընդունվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: