Հրաժարականների շքերթ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատողները Վիգեն Ավետիսյանի հրաժարականից հետո սկսել են «շնչել»: Այժմ տեսչական մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է Գնել Հասրաթյանը: Թե երբ տեսչական մարմինը ղեկավար կունենա, հայտնի չէ:
Հետաքրքիր է, որ Վիգեն Ավետիսյանի հրաժարականից հետո հեռացել են նաեւ նրա խորհրդականները: Օրինակ՝ հրաժարականի դիմում ներկայացրել են խորհրդականներ Արթուր Օթարյանը, Երեմ Սահակյանը, Հայկ Վարդանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վտանգված է ղեկավարի օգնական Ալեքսանդր Կիրակոսյանի աշխատանքային ճակատագիրը:
Պարզվում է՝ Կիրակոսյանը Վիգեն Ավետիսյանի հրաժարականից հետո անակնկալ «վարակվել է» կորոնավիրուսով, եւ երբ ղեկավարությունը պահանջում է բժշկի գնալ եւ արդյունքը ներկայացնել, անհասկանալի պատճառներով հրաժարվում է:
Սակայն նկատենք, որ իր պաշտոնին է շարունակում մնալ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը, որը Շրջակա միջավայրի նախարարության նախկին նախարար, այժմ հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությանյանի՝ Բուլկու կադրերից է: Գալոյանի թեկնածությունը տեսչական մարմնի խորհրդին առաջարկել էր հենց Վիգեն Ավետիսյանը:
Բայց «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գալոյանն անգամ չի ցանկացել, որ իրեն տեղակալ նշանակեն: Նա այս մասին իր մտերիմ շրջապատում անկեղծացել է՝ նշելով, որ պատասխանատվությունը մեծացել է, սակայն աշխատավարձը չի բարձրացել, ուստի չի բացառվում, որ առաջիկայում լսենք նաեւ Գալոյանի հրաժարականի լուրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում